Դեմքի մաքրման բնական միջոցների տարածված բաղադրիչներ, որոնք կարող են վնասակար լինել մաշկի համար

Սկրաբերը շատ կարևոր են մաշկի առողջության ու գեղեցկության պահպանման համար, քանի որ պարբերաբար մաշկը սկրաբով մաքրելն օգնում է ազատվել մահացած բջիջներից, մաքրել մաշկի ծակոտիները կուտակված ճարպից ու կեղտից և թարմացնել մաշկը։ Այս մաքրող միջոցները կարելի է գնել արդեն իսկ պատրաստի կամ պատրաստել ինքնուրույն՝ օգտագործելով բնական բաղադրիչներ։

Ներկայում գոյություն ունեն տարատեսակ սկրաբերի բաղադրատոմսեր, որոնք թույլ են տալիս ընտրել լավագույն տարբերակը, սակայն կան դրանցում կիրառվող մի շարք բաղադրիչներ, որոնք իրականում կարող են շատ վտանգավոր լինել՝ առաջացնելով տարբեր մաշկային խնդիրներ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մաշկը մաքրող միջոցներում հաճախ ներառվող չորս տարածված բաղադրիչ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի կիրառել դեմքի նուրբ մաշկը մաքրելու համար:

Կիտրոն

Կիտրոնը հաճախ է կիրառվում բնական դիմակների, սկրաբերի ու լոսյոնների պատրաստման համար, սակայն կիտրոնաթթվով հարուստ այս մթերքն ավելի շատ բացասական ազդեցություն է ունենում մաշկի վրա, քան դրական։ Կիտրոնի առաջացրած ամենատարածված կողմնակի բարդություններից է մաշկի գրգռումը, ինչը պայմանավորված է մրգի բարձր թթվայնությամբ։ Բացի այդ, կիտրոնը կարող է դառնալ մաշկի չորության, կարմրածության ու թեփոտման պատճառ, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի կիրառել դեմքը մաքրող սկրաբի պատրաստման համար։

Աղ

Աղի բյուրեղիկները բավական մանր են, սակայն դրանք այնքան մանր չեն, որպեսզի կարողանան մաքրել մաշկի ծակոտիները։ Միևնույն ժամանակ աղով սկրաբի գործածությունը կարող է ճնշում գործադրել բշտիկների ու կորյակների վրա՝ հանգեցնելով մաշկի գրգռման, կարմրածության ու չորության։

Շաքարավազ

Շաքարավազի բյուրեղիկները բավական տարածված բաղադրիչ են մարմնի մաշկը մաքրելու համար նախատեսված սկրաբերի համար, սակայն դրանք ոչ մի դեպքում չի կարելի կիրառել դեմքի մաշկը մաքրելու համար։ Այդ բյուրեղիկները չափազանց կոշտ են և կարող են վնասել մաշկը՝ առաջացնելով փոքրիկ վերքեր, ինչի հետևանքով մաշկն էլ ավելի է կարմրում։ Այս ամենի հետևանքով մաշկն ավելի շատ մելանին է արտադրում պաշտպանվելու համար, ինչը կարող է դառնալ հիպերպիգմենտացիայի պատճառ։

Հունական ընկույզ

Այս մթերքը ևս ունի սուր եզրեր, որոնք կարող են վնասել դեմքի նուրբ մաշկն ու առաջացնել միկրովնասվածքներ։ Առհասարակ սկրաբերում ընկույզի ցանկացած տեսակի և հատկապես հունական ընկույզի գործածությունը շատ ավելի մեծ վնաս է հասցնում, քան օգուտ, ուստի դրանցից հարկավոր է խուսափել։