«Մենք ինքներս ենք մեր կյանքը կերտում». Էլեն Սարգսյանը՝ Ռոզիի կերպարի, դերասանական կարիերայի, կատարված երազանքների ու այլ թեմաների մասին

«Շիրազի Վարդը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու դերակատարը՝ Էլեն Սարգսյանը, մինչ այդ նախագիծն արդեն հասցրել է նկարահանվել նաև այլ հեռուստասերիալներում և մեկ ֆիլմում։ Showbiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր ու կերպարի տարբերությունների, կարիերայի, երազանքների մասին, հիշել ծանր տեսարանների նկարահանումներն ու խոսել շատ այլ հետաքրքիր թեմաների մասին։

Համավարակի ընթացքում դերասաններից շատերն աշխատեցին, բայց միևնույնն է կարանտինը սահմանափակեց ու փոխեց մարդկանց կյանքը: Չնայած, որ Էլենն այս ընթացքում աշխատել է, միևնույնն է ասում է, որ կարանտինն ազդել է իր առօրյայի վրա․ «Ես այն դերասաններից եմ, որ գրեթե կարանտինի ողջ ընթացքում աշխատել է, բայց դա երևի թե օգնել է, որ չունենամ աշխարհից կտրված լնելու զգացողությունը։ Բայց այս իրավիճակի պատճառով ավելի շատ էի տանը լինում քան առաջ ու ազատ օրերին տնից դուրս չէի գալիս։ Դա լավ էր, քանի որ ավելի շատ ժամանակ անցկացրեցի ընտանիքիս հետ, ազատ ժամանակս շատ էր՝ կարողացա ավելի շատ ֆիլմեր դիտել, զբաղվել ինձնով։ Սուտ կլինի, եթե ասեմ, որ շատ բաներ եմ հասցրել անել, պարզապես այն ամենը, ինչը չենք հասցնում անել, որովհետև ավելի շատ ենք դրսում լինում՝ գործերով կամ ընկերների հետ հանդիպումներով, կարողացա հասցնել, քանի որ տանն էի։ Կարելի է ասել, որ սա ինչ-որ չափով ինձ համար հանգիստ էր, բայց քանի որ բավականին երկար ժամանակ էինք տանը՝ գրեթե երկու ամսից ավելի, զգում եմ, որ հարմարվել եմ այս վիճակին, հազվադեպ եմ տնից դուրս գալիս։ Հուսանք՝ երբ ամեն ինչ հարթվի, կվերադառնանք մեր հին կյանքին, կկարողանաք արագ վերադառնալ մեր գործերին»։

Հիմա «Շիրազի Վարդը» հեռուստաերիալը դեռևս ցուցադրվում է ու շատ մեծ դիտողականություն ունի, բայց փորձեցինք հասկանալ, թե ե՞րբ դերասանուհուց սպաասենք այլ նորությունների․ «Դեռ չգիտեմ, կոնկրետ պլաններ չունեմ։ Կարծում եմ՝ կլինեն նոր նախագծեր «Շիրազի Վարդը» հեռուստաերիալի ավարտից հետո։ Չգիտեմ, թե որքան շուտ կլինեն դրանք՝ անմիջապես, թե ինչ-որ ժամանակ անց, դա արդեն կախված կլինի հետագա առաջարկներից և իմ տրամադրվածությունից՝ աշխատել, թե՞ հանգստանալ»։

Ռոզիի կերպարն առաջին իսկ օրվանից սիրվեց ու մարդիկ սկսեցին հետևել այդ աղջկա կյանքին: Դերասանուհին նույնպես առաջին օրվանից սիրել է այդ կերպարը, քանի որ նրա մեջ տեսել է բնավորության շատ լավ գծեր․ «Ռոզիի կերպարի մասին առաջին պատկերացումներս կազմեցի քասթինգի առաջին օրը, երբ ինձ նրա մասին պատմեցին և հետո ինքս արդեն սցենարը կարդալով սկսեցի փորձել բացահայտել նրան հնարավորինս լավ, հասկանալ, թե ինչպիսի՞ն է նկարագրել Ռոզիին սցենարիստը ու հնարավորինս կարողանալ փոխանցել դա մարդկանց։ Անդադար այդ աշխատանքն եմ տանում, որպեսզի կարողանամ ճիշտ փոխանցել նրա կերպարը հեռուստադիտողին։ Չգիտեմ, թե որքանով է դա ստացվում, բայց իմ պատկերացմամբ Ռոզին շատ հանգիստ, զուսպ բնավորությամբ աղջիկ է, արդար, անկեղծ ու շատ լավ հատկանիշներով օժտված մարդ։ Նա դրական մարդ է, ու ամենասկզբից էլ փորձել եմ նրան այդպիսին ցույց տալ»։

Խոսելով իր ու Ռոզիի բնավորության նմանությունների ու տարբերությունների մասին՝ Էլենը նշեց․ «Ես միշտ ասում եմ, որ ինչ-որ կերպար մարմնավորելիս, դերասաններն իրենցից որոշ բաներ դնում են այդ կերպարի հիմքում, որովհետև անհնար է լրիվ քեզանից դուրս ինչ-որ բան խաղալ։ Ամեն դեպքում, մեր մեջ նմանություններ կան, բայց ես Ռոզիի նման զուսպ չեմ, նրա նման հանգիստ բնավորություն չունեմ։ Ռոզին շատ համբերատար է, ես այդքան համբերություն չունեմ, բայց իհարկե այս ամենն ինձ համար շատ լավ դաս է, որովհետև սցենարը կարդալով ու փորձելով Ռոզիի կերպարը հասկանալ և այն փոխանցել, ես ինձ համար էլ եմ ինչ-որ բաներ սովորում։ Փորձում են նրանից սովորել այդ զսպվածությունն ու համբերությունը, ես իհարկե հասկանում եմ, որ դրանք իսկապես շատ լավ հատկություններ են, բայց ինձ մոտ միշտ չի ստացվում լինել այդքան հավասարակշռված, որքան նա է։ Հույս ունեմ նրանից շատ բան սովորել»։

Փորձելով հիշել նկարահանումների ժամանակ իր համար ամենաբարդ տեսարանը և ամենաբարդ նկարահանման օրը՝ Էլենը պատմեց․ «Դժվարանում եմ հիշել այդպիսի օր, որովհետև մեր նկարահանումները հիմնականում շատ լավ են անցնում, իհարկե ընթացքում բարդ պահեր լինում են, բայց մթնոլորտն այնպիսինն է, որ շատ հեշտ ու շատ լավ են անցնում։ Այս պահին հիշեցի այն օրը, երբ դեռ ձմռանը նկարահանվում էինք, շատ ցուրտ էր դրսում ու նկարում էինք այնպիսի տեսարան, որ ես դրսում չադրայով էի, առանց բաճկոնի ու շատ էի մրսում։ Ինձ համար ցուրտը միշտ դիսկոմֆորտ է առաջացնում։ Հիշում եմ նաև մի քանի երկար նկարահանման օրեր, երբ շատ էինք հոգնել, որովհետև էմոցիոնալ, ծանր տեսարաններ էին այդ օրը նկարվել։ Վերջին այդպիսի տեսարանը Ռոզիի հայրիկի մահվան տեսարանն էր, երբ մենք հիվանդանոցում ենք, լսում ենք մահվան լուրը, մայրն ապտակում է Ռոզիին, նա լաց է լինում ու հետո մյուսներն են սկսում արտասվել։ Ծանր տեսարան էր, չեմ կարող ասել, որ դժվար էր, բայց ես հիշում եմ այդ օրը, որովհետև թե՛ ֆիզիկապես, թե՛ էմոցիոնալ առումով ծանր օր էր, հոգնել էինք»։

Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում իր կարիերան 5 տարի անց և արդյո՞ք շարունակելու՞ է միայն դերասանական կարիերան, թե՞ այլ ոլորտներում ևս իրեն փորձելու է, դերասանուհին պատասխանեց․ «Դերասանական կարիերան շարունակելու եմ, հինգ տարի անց չեմ պատկերացնում, թե ինչպես կլինի, բայց հիմա վստահ եմ, որ կշարունակեմ։ Իմ հիմնական նպատակն այն է, որ որպես դերասանուհի հանդես գամ տարբեր տեղերում, ինձ փորձեմ տարբեր դերերի ու ժանրերի դերերի մեջ։ Շատ եմ ուզում նկարահանվել նաև հումորային նախագծում՝ սիթքոմում, սերիալում կամ ֆիլմում։ Դեռ չեմ պատկերացնում այլ ոլորտներում հանդես կգամ, թե ոչ, որովհետև դերասանուհու կարիերան ինձ ավելի շատ է դուր գալիս»։

Հարցին, թե ո՞վ է ամենից շատ իրեն ոգևորում և ուժ տալիս նպատակներն իրագործելիս, Էլենն ասաց․ «Ինձ ամենից շատ ոգևորում և ուժ է տալիս իմ ընտանիքը՝ ամենաշատը մայրիկս, բայց նաև ընկերներս։ Մայրիկիս հետ շատ եմ կիսվում, շատ ենք խոսում, երբ ինչ-որ բան ինձ մոտ չի ստացվում, տխրում եմ, հիասթափվում՝ իր հետ եմ կիսվում, ու նա ինձ շատ է օգնում։ Նա միշտ հավատում է, որ ինձ մոտ կստացվի, դա ինձ շատ է ուժ տալիս, որ ես չհանձնվեմ ու առաջ շարժվեմ»։

Խոսելով երազանքների մասին՝ դերասանուհին նկատեց․ «Ինչի մասին այս ողջ ընթացքում երազել եմ՝ եղել են մի քանի կարևոր երազանքներ, որոնք բոլորն իրականացել են, իհարկե չեմ թվի, որովհետև հավատում եմ այն մտքին, որ երազանքների ու քեզ համար շատ թանկ բաների մասին չարժե խոսել, քանի որ երբ շատ ես դրանց մասին խոսում, կարծես արժեզրկում ես այդ երևույթը։ Բայց անպայման ուզում եմ ասել, երազե՛ք, որովհետև այդ պարագայում դուք անգիտակցաբար արդեն գնում եք դեպի ձեր նպատակներն ու երազանքները, և դրանք կատարվում են։ Անհնար ոչինչ չկա, ամեն ինչ հնարավոր է ու մեր ձեռքերում է։ Մենք ինքներս ենք մեր կյանքը կերտում։ Ես հիմա էլ եմ շարունակում երազել ու միշտ ավելիին եմ ձգտում»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան

Լուսանկարները՝ Էլեն Սարգսյանի ինստագրամյան և «Շիրազի վարդը» հեռուստասերիալի ֆեյսբուքյան էջերից