«Այս պահին իմ կյանքի գունապնակից պակասում է ամենավառ երանգը»․ Էվա Խաչատրյանը՝ թատրոնի, նոր հոբբիի, Մարգարիտայի կերպարի ու այլ թեմաների մասին

Դերասանները, որոնք զբաղված են ոչ միայն ներկայացումներում, այլև հանդես են գալիս հեռուստատեսային նախագծերում, հիմնականում այս ընթացքում շարունակել են նկարահանվել, բայց միևնույնն է, իրավիճակն ազդել է բոլորի բնականոն կյանքի վրա ու օրվա ընթացքում ավելի շատ ազատ ժամանակ թողել։ Կինոյի ու թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը Showbiz.am-ի հետ զրույցում պատմել է կորոնավիրուսային համավարակի պատճառով Կամերային թատրոնի հետաձգված ներկայացումների, իր կարանտինային զբաղմունքների, նոր հոբբիի, «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում իր մարմնավորած կերպարի ու այլ հետաքրքիր թեմաների մասին։

Հարցին, թե ինչպե՞ս է անցել իր կարանտինային առօրյան և ինչո՞վ է զբաղվել տնային մեկուսացման պայմաններում, դերասանուհին պատասխանեց․ «Բազմաթիվ ֆիլմեր ու HBO-ի և Netflix-ի արտադրած հետաքրքիր սերիալներ դիտելով։ Տանը փոփոխություններ եմ արել։ Նոր հոբբի ունեմ՝ հեծանիվ վերջին անգամ 13 տարեկանում էի վարել, որոշեցի նորից սկսել ու ստացվեց, և՛ սպորտ է, և՛ հաճույք։ Նաև գիտական տեսանյութեր եմ նայում տարբեր երևույթների մասին, դասախոսություններ եմ լսում, օրինակ Եֆիմովի «Управление Миром․ Лекции ФСБ»-ն։ Դե, նկարահանումների եմ մասնակցում ու մի քիչ շատ եմ քնում»։

Հետևելով սոցիալական կայքերում արվող հրապարակումներին, տեսնում ենք, որ այս ընթացքում թե՛ հայտնիները, թե՛ հասարակ մարդիկ փորձում են իրենց մեջ նոր տաղանդներ գտնել, տնային մեկուսացման ընթացքում ոմանք սկսում են երգել, մյուսները պարել կամ համեղ կերակուրներ պատրաստել: Հարցին, թե նշվածներից ինչո՞վ է զբաղվել ու արդյո՞ք իր մեջ նոր տաղանդ բացահայտել է, Էվան ասաց․ «Ձեր նշած բոլոր կետերով զբաղվել եմ, և՛ պարում եմ, և՛ ինչ-որ չափով երգում, չնայած ինձ երգչուհի չեմ զգում ու պատկերացնում, պատրաստել էլ չեմ սիրում։ Խոհանոցն ինձ համար սուրճ պատրաստելու վայր է միայն։ Կարծում եմ՝ իմ մեջ եղած տաղանդներին մինչ այս արդեն ծանոթ էի»։

Ինչպես երկրի բոլոր թատրոններում, այնպես էլ Կամերային թատրոնի աշխատանքներում փոփոխություններ եղան ու ներկայացումները չեղարկվեցին այս իրավիճակի պատճառով։ Անդրադառնալով այդ թեմային՝ դերասանուհին անկեղծացավ․ «Դա ամենացավալին է ինձ համար և ողջ թատրոնի անձնակազմի համար՝ նույնիսկ դեպրեսիայի պատճառ։ Երբեք չէր եղել նման բան, որ այսքան երկար չմտնեինք թատրոն, գրիմանոց, չխաղայինք ներկայացում ու չշփվեինք հանդիսատեսի հետ։ Սա իսկապես աղետ է մեզ համար։ Շուտով կսկսվեն փորձերը, իհարկե՝ փոքր խմբերով ու օրենքի սահմաններում։ Բայց դեռ պարզ չէ, թե երբ կսկենք խաղալ ներկայացումները, հուսանք՝ շուտ, արդեն բոլորս խեղդվում ենք»։

«Սիրուն Սոնա» հեռուստասերիալում Էվա Խաչատրյանի մարմնավորած կերպարը՝ Մարգարիտան, բավականին բարդ հոգեբանական վիճակում գտնվող կին է: Դերասանուհու հետ զրույցի ընթացքում փորձեցինք հասկանալ, արդյո՞ք բարդություններ ունեցել է կերպարը ճանաչելիս կամ այն մարմնավորելիս․ «Այո, բավականին բարդ ու էմոցիոնալ կերպար է։ Բարդություններ չեն եղել, մեծ սիրով եմ հանդիպում Մարգարիտայի հետ նկարահանման հրապարակում և ոչ միայն, նաև մտքիս մեջ սցենարը կարդալիս, խաղընկերներիս հետ քննարկումների ընթացքում ևս։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր բարդություն լավ է դերասանի համար, տրամպլին է, փորձություն։ Առանց դրա անհետաքրքիր է»։

Փորձելով գտնել իր ու Մարգարիտայի բնավորությունների միջև ընդհանրություններ՝ դերասանուհին շեշտեց, թե որոնք են դրանք․ «Կան ընդհանրություններ, երևի թե անմնացորդ նվիրումն ու սիրելու խորությունը։ Հոգու ուժ ունի, որը ես նույնպես ունեմ, իսկ մնացած ամեն ինչ ստեղծագործություն է, պատկերացումներ, մարդկային պրոտոտիպերից վերցված կյանքի փորձ ու ապրումներ, որոնք ես մաքսիմալ վերապրումով փորձում եմ մատուցել»։

Էվայի մարմնավորած կերպարն այժմ կյանքի շատ բարդ փուլ է անցնում ու կարծես՝ կանգնած է սիրելի էակի ու երեխայի միջև ընտրություն կատարելու առջև: Դերասանուհու հետ զրույցի ընթացքում փորձեցինք հասկանալ, թե ըստ իրեն՝ ինչպե՞ս պետք է վարվի նման իրավիճակում հայտնված կինը․ «Հաճելի է իմանալ, որ հետևում եք կերպարի զարգացմանը։ Այո, շատ բարդ ընտրություն է, բայց ես միանշանակ կընտրեի երեխայիս, եթե չստացվեր պայքարել ու ամեն բան անել, որպեսզի և՛ սիրելիդ կողքիդ լինի, և՛ երեխադ։ Բայց սա Մարգարիտայի ընտրությունն է լինելու, ում կյանքի սցենարիստը ես չեմ, այլ Անահիտ Մխիթարյանը»։

Հարցին, թե ո՞րը կլինի առաջին քայլը, որ կցանկանա անել Էվա Խաչատրյանը, երբ ավարտվի այս համընդհանուր կարանտինը, նա պատասխանեց․ «Վերադառնալ թատրոն, խաղալ ներկայացում։ Այս պահին իմ կյանքի գունապնակից պակասում է ամենավառ երանգը՝ Թատրոնը»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան

Լուսանկարները՝ Էվա Խաչատրյանի անձնական արխիվից