Առաջարկել է 50 մլրդ եվրոյով վաճառել «Մոնա Լիզա» կտավը՝ կորոնավիրուսի պատճառած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար

Ֆրանսիայում հայտնի գործարարը հայտնել է, որ երկիրը պետք է 50 մլրդ եվրոյով (գրեթե 55 մլրդ դոլար) վաճառի «Մոնա Լիզա» կտավը՝ կորոնավիրուսի պատճառած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, գրում է Daily Mail-ը։

Fabernovel միջազգային տեխնոլոգիական ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, 46-ամյա Ստեֆան Դիստինգինը ֆրանսիացիներին առաջարկել է «վաճառել ընտանեկան թանկարժեք իրերը»՝ համավարակի հետևանքով առաջացած տնտեսական սթրեսի դեմ պայքարելու համար:

«Որպես գործարար և հարկատու՝ ես գիտեմ, որ այդ միլիարդների կորուստը հորինված չէ։ Ակնհայտ ռեֆլեքս կլինի հնարավորինս բարձր գնով վաճառել արժեքավոր ակտիվներ, այնպիսի ակտիվներ, որոնք մեր ապագայի համար պակաս ճգնաժամային են»,- ֆրանսիական Usbek & Rica ամսագրին ասել է նա՝ օրինակ բերելով Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը։

«Իմ գնահատականներով՝ «Մոնա Լիզայի» ձեռքբերման համար կպահանջվի առնվազն 50 մլրդ եվրո»,- հավելել է նա։