«Միայն սպիտակամաշկ դերասանական կազմ չէինք ունենա»․ «Ընկերները» սերիալը բոլորովին այլ կլիներ, եթե հեռարձակվեր մեր օրերում

Ամերիկացի դերասանուհի, կատակերգու, «Ընկերները» հայտնի սերիալում Ֆիբի Բուֆեի դերակատար Լիզա Քուդրոուն բրիտանական Sunday Times թերթին տված հարցազրույցում խոսել է «Ընկերները» սերիալի սպիտակամաշկ դերասանական կազմի վերաբերյալ քննադատությունների մասին։

Հարցազրույցի ընթացքում դերասանուհին հայտնել է, որ «ֆիլմից միայն լավ հիշողություններ և փորձառություն է մնացել»՝ խոստովանելով, որ NBC-ի հեռուստասերիալն, ամենայն հավանականությամբ, «բոլորովին այլ կլիներ, եթե հեռարձակվեր մեր օրերում»։

Պատասխանելով սերիալում միայն սպիտակամաշկ դերասաններ ներգրավելու վերաբերյալ շարունակական քննադատություններին՝ դերասանուհին նշել է, որ շոուն ժամանակին «շատ առաջադեմ էր» համարվում։

«Իհարկե, միայն սպիտակամաշկ դերասանական կազմ չէինք ունենա։ Ես կարծում եմ, որ սերիալը պետք է դիտարկել իր ժամանակին համապատասխան։ Բացի այդ, այս շոուն շատ առաջադեմ էր համարվում»,- ասել է Քուդրոուն՝ ընդգծելով, որ ֆիլմում անդրադարձ է կատարվել մի շարք աղմկահարույց երևույթների։

Մանհեթենից վեց երիտասարդ ընկերների մասին պատմող հեռուստասերիալը ցուցադրվել է ավելի քան 54 երկրում։ NBC հեռուստաընկերության կողմից սերիալը հեռարձակվել է 1994 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի մայիս: Ընդհանուր առմամբ նկարահանվել է 236 դրվագ։

Փետրվարի 22-ին հաղորդվել էր «Ընկերները» սերիալի կազմի վերամիավորման մասին՝ HBO Max-ի նոր նախագծում նկարահանվելու համար: Սերիալի շարունակության ռեժիսորն ու պրոդյուսերը կլինի Բեն Ուինսթոնը, որը կհամագործակցի օրիգինալ հեռուստաշոուի պրոդյուսերների հետ: Variety-ի աղբյուրի տվյալներով՝ բոլոր վեց հիմնական դերասաններն առնվազն 2,5-ական մլն դոլար կստանան նախագծին մասնակցելու համար: