Թաիլանդում կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար արգելել են ֆիլմերում սիրային տեսարանների նկարահանումները

Թաիլանդի կինոարդյունաբերությունը կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար հրահանգ է ստացել նկարահանումների ժամանակ բացառել սիրային տեսարանների, ինչպես նաև ֆիզիկական շփում պահանջող մյուս բոլոր տեսարանների նկարահանումները, գրում է The Guardian-ը։

Հաղորդվում է, որ երկրի տարածքում փուլային կերպով չեղարկվում են կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումները, այդ թվում՝ նկարահանումների արգելքը։

Կինեմատոգրաֆիստները պետք է աշխատեն լավ օդափոխվող տարածքներում, որտեղ կլինեն առավելագույնը 50 անձինք: Ֆիզիկական մտերմություն պահանջող տեսարանները ստանալու համար կօգտագործվեն հատուկ էֆեկտներ։ Կադրերից դուրս բոլոր մարդիկ պետք է դիմակներ կրեն։

Թաիլանդական PBS հեռուստաալիքը հաղորդում է, որ նկարահանումներից առաջ կչափվի նկարահանող անձնակազմի և դերասանների ջերմությունը։ Նրանք պետք է միմյանցից առնվազն մեկ-երկու մետր հեռավորություն պահպանեն։