Ինչպե՞ս հասցնել կարանտինի ընթացքում նոր գիտելիքներ ձեռք բերել, ընտանիքին շատ ժամանակ տրամադրել, մարզվել և այլն. պատմում է Լիդիա Գրիգորյանը

Դերասաններն անհամբերությամբ սպասում են կրկին բեմ բարձրանալու հնարավորությանն ու մինչ այդ ոմանք փորձում են ավելի շատ ժամանակ հատկացնել կիսատ թողած գործերին, մյուսները՝ ընտանիքի հետ շփմանը կամ նոր գիտելիքներ ձեռք բերելուն և այլն։ Իսկ Լիդիա Գրիգորյանն այդ ամենը հասցնում է համատեղել։ Showbiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ընտանեկան ինքնամեկուսացման, երեխաների, այս ընթացքում ձեռք բերած գիտելիքների, սպասվելիք պրեմիերաների և այլ հետաքրքիր թեմաների մասին։

Դրամատիկական թատրոնի դերասաններ Լիդիա Գրիգորյանն ու Գագիկ Մկրտչյանը հայտնի են նաև որպես դաջվածքների մասնագետներ ու մշտապես ներկայանում են նոր աշխատանքներով։ Լիդիան, Գագիկն ու իրենց երկու որդիները տնային մեկուսացման ողջ ընթացքը միասին են անցկացրել ու ձանձրանալու ժամանակ չեն ունեցել։ Երեկոները զբոսնում են, և դերասանուհին հատուկ նշում է, որ շատ է սիրում զբոսնել։

Զրույցի ընթացքում փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք դժվար չէ երկու երեխաների մայրիկի համար այս շրջանում որդիներին ստիպված շատ պահել տանը և, առհասարակ, ինչպե՞ս է անցնում Լիդիայի առօրյան երեխաների հետ․ «Երկու բալիկներս էլ շատ ակտիվ անհատականություններ են, ու նրանց հետ բավականին դժվար է։ Մեծ տղաս հիմնականում զբաղված է լինում օնլայն դասերով, հետո դուրս ենք գնում, զբոսնում, նա էլ հեծանիվ է քշում։ Հետաքրքրվում է մեր քաղաքի ճարտարապետությունով, չի համակերպվում տարբեր ճարտարապետական կառույցների՝ Երիտասարդական պալատի, «Ռոսիա» կինոթատրոնի, «Զվարթնոց» օդանավակայանի և այլ գեղեցիկ շինությունների հանդեպ եղած անտարբեր վերաբերմունքի հետ ու խոստանում է ապագայում վերակառուցել, վերականգնել մեր քաղաքի գեղեցիկ տեսքը։ Փոքր որդուս հետ հիմնականում գիշերներն ենք տանջվում, քանի որ նա գիշերները քնել չի սիրում ու մինչ լուսաբաց փորձում ենք զբաղեցնել նրան»։

Լիդիան պատմում է, որ տնային մեկուսացումը փորձել է օգտագործել՝ հնարավորինս շատ օգուտ քաղելով․ «Ես փորձում եմ, ինչպես միշտ, ինքնակրթությամբ զբաղվել։ Այս ընթացքում մասնակցել եմ Մոսկվայի լավագույն մասնագետներից մի քանիսի բեմական խոսքի, Մ․ Չեխովի տեխնիկայով դերասանական վարպետության օնլայն դասերին ու մի շարք այլ մաստեր կլասսերի։ Շատ ներկայացումներ ու ֆիլմեր եմ նայել, ուսումնասիրել։ Ինչպես նաև զբաղվում եմ յոգայով ու մարզվում եմ»։

Դերասանուհին շատ կարևոր է համարում ընթերցանությունը ու նշում է․ «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ գիրք կարդալը մղվել է ետին պլան։ Այս պարագայում կարևոր չէ, թե ինչ գրքեր կկարդան, կարևորը՝ կարդան։ Դա արդեն իսկ մեծ ձեռքբերում է։ Կարևոր է շատ կարդալը, շատ ավելի կարևոր է կարդացածը հասկանալը, իսկ երբ կարդացածը հասկանան, ակամայից կսկսեն ավելի շատ կարդալ»։

Դրամատիկական թատրոնի աշխատանքներում ևս շատ կարևոր ներկայացումներ անժամկետ հետաձգվեցին։ Հարցին, թե ի՞նչ նորությունների սպասենք սիրելի թատրոնից, դերասանուհին նշում է․ «Դրամատիկական թատրոնը, ինչպես նաև բոլոր թատրոնները կարոտի և անհամբեր սպասողական վիճակի մեջ են, թե երբ պետք է հանդիպեն հանդիսատեսի հետ։ Հույս ունենք, որ դա շուտով տեղի կունենա։ Անպայման կլինեն հետաքրքիր պրեմիերաներ, փակագծերը չբացեմ, որպեսզի դա մեր հանդիսատեսի համար անակնկալ մնա»։

Բոլոր դերասանները երազում են այսքան երկար հարկադրված դադարից հետո կրկին բեմ բարձրանալ, Լիդիան նույնպես․ «Երբ ավարտվի այս համընդհանուր կարանտինը, առաջին հերթին ներկայացում կխաղամ»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան

Լուսանկարները՝ Լիդիա Գրիգորյանի անձնական արխիվից