«Բռնեցին Սարգիսին, տարան»․Մանո Գրիգորյանը` ամուսնուն բերման ենթարկելու և բողոքի ակցիայի մանրամասների մասին

Դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը` պարուհի Մանո Գրիգորյանը,  մասնակցել են կառավարության դիմաց կազմակերպված ակցիային․ռեստորանների սեփականատերերը, աշխատակիցները, երաժիշտներ, հանդիսավարներ և շատ ուրիշներ կառավարության շենքի դիմաց էին հավաքվել՝ դիմելու պարետ Տիգրան Ավինյանին իրենց ևս թույլ տալ վերսկսել աշխատանքը՝ պարտավորվելով պահել անվտանգության բոլոր կանոնները: Սական գործողություններն անսպասելի զարգացում են ունեցել․ ակցիայի ընթացքում բերման են ենթարկել Սարգիս Գրիգորյանին, ով հիմա արդեն ազատության մեջ է։
Showbiz.am կայքի հետ զրույցում Մանո Գրիգորյանը կիսվել է դեպքի մանրամասներով։

Ինչո՞ւ բերման ենթարկեցին հենց Սարգիսին։
-Ես էլ զարմացա, որովհետև հետևում էինք անվտանգության բոլոր կանոններին։ Սարգիսը այն միակ մարդկանցից էր, ով տվյալ պահին պաշտպանում էր սոցիալական հեռավորությունը, շատ խաղաղ էր, իսկ մեր կողքին ավելի թեժ ու ագրեսիվ խոսակցություններ էին գնում, ու հենց այդ մարդկանց կարելի էր ձերբակալել։ Թե ինչու՞ հենց Սարգիսին բերման ենթարկեցին, ով շատ խաղաղ էր զրույցը վարում, դիմակով էր, պահպանում էր բոլոր կանոնները, չգիտեմ։ Առանց փակագծերը բացելու բոլորս էլ կարող ենք արդեն եզրակացություններ անել։

-Գուցե պատճառը արտակագ դրության պայմաններում ցույց կազմակերպե՞լն էր։
-Մենք չէինք գնացել բողոքի ցույց անելու, այլ փորձում էինք մեր խոսքը բարձրաձայնել․ գնացել էինք երկկողմանի քննարկման՝ կարծելով, որ եթե տնտեսության 80%-ն աշխատում է, մեր ոլորտը նույնպես կարող է սկսել իր գործունեությունը։ Ամեն ինչ այլ ընթացք ստացավ, մենք այդպես տրամադրված չէինք։ Հենց սկզբից, երբ եկանք, ոստիկանների թիվն այնքան մեծ էր, որ մտածում էինք՝ ինչու՞ է այսքան բացասական տրամադրվածությունը։ Հաշվի առնենք, որ ներկաները արվեստի մարդիկ էին՝ ճանաչված, բարեկիրթ, բայց մթնոլորտը հրահրում էր ավելի ագրեսիվ ու պաշտպանողական լիենել։ Հետո չհասկացանք, թե ինչ եղավ․ բռնեցին Սարգիսին, տարան։ Ես ինքս էլ հեռացա՝ գնալով նրա հետևից։
Պատճառաբանում էին, որ բերման ենթարկելու պատճառը սոցիալական հեռավորություն չպահպանելն է, բայց Սարգիսին բերման են ենթարկել այն մեքենայով, որի մեջ 6 հոգի նստած էր։ Եթե կա օրենք, ուրեմն պետք է լինի բոլորի համար։ Ես անարդարության մեծ հոսք եմ տեսնում։ Մենք՝ որպես արվեստագետներ, սեր քարոզող մարդիկ, չէինք պատրաստվում կռիվ անել։ Պարզապես, հրահրում էին։

-Ցույցի նախաձեռնողը դո՞ւք էիք։
-Բացարձակ։ Այսպիսի խոսք կա՝ «Хотели как лучше, а получилось как всегда»: Մենք եկել էինք մեր ընկերների, գործընկերների համար, չէինք եկել ողորմություն խնդրելու, պահանջելու, կռիվ անելու։ Պետք էր խնդիրը բարձրաձայնել, որպեսզի այն որևէ լուծում ստանար, ոչ թե նստել թախտին, սպասել բախտին։ Ես ու ամուսինս չենք վախենում մեր կարծիքն արտահայտել, մենք ցանկանում ենք աշխատել։ Գործարանները, մանկապարտեզները, սրճարաններն աշխատում էին․ դա նշանակում է, որ մեր ոլորտի աշխատանքի համար նույնպես կարելի է տարբերակ գտնել։

-Ինչպիսի՞ արձագանքներ են եղել այս դեպքերի հետ կապված։
-Երեկ ես ահռելի թվով բացասական նամակներ էի ստանում․ մեզ մեղադրում էին էգոիզմի մեջ՝ կարծելով, որ մենք մտածում ենք միայն մեր գումարի մասին։ Բայց բացարձակ խնդիրը դրա մեջ չէ։ Երբ բոլորս տանն էինք, բոլորս լուռ սպասում էինք՝ ինչ կլինի, բայց հիմա արդեն պետք է նախապայմաններ ստեղծվեն, որպեսզի մենք էլ աշխատենք։
Ես չեմ ցանկանում գնալ ու խանութում վաճառողուհի աշխատել․ ես տարիներ շարունակ աշխատել եմ, որպեսզի հասնեմ իմ մասնագիտական ներկա վիճակին ու հիմա պահանջում եմ հնարավորություն աշխատելու համար։

-Ի՞նչ-որ լուծում տրվեց Ձեր հարցին։
-Ամբողջ խնդիրը նրանում է, որ ուղղությունը շեղվեց ու գնաց քաղաքական կողմ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ցանկացավ աջակցել մեզ և հիմա նրանք պատարստվում են այդ հարցը բարձրաձայնել նիստի ժամանակ։
Պարզապես, մենք չէինք ցանկանա, որպեսզի հարցը նման բացասական արձագանք ստանար։

-Ինչպե՞ս եք կարողանում առանց բիզնեսի լուծել Ձեր կենցաղային ծախսերը։
-Դե, մի կերպ փորձում ենք տարբերակներ գտնել։ Խնայողութունների միջոցով փորձում ենք նաև օգնել մեր աշխատակիցներին։ Բայց արդեն երեկվանից մտածում եմ՝ ուրիշ ինչով կարող եմ զբաղվել։ Ֆինանսական կողմը դնենք մի կողմ, փառք Աստծո մի կերպ կարող ենք մի բան անել, բայց ինձ անհանգստացնում է այն, որ չեմ աշխատում, ոչինչ չեմ անում։

-Սովորաբար հանդիսություններ կազմակերպող ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը գործարքային է։ Այս ընթացքում դուք ինչո՞ւ եք աշխատավարձ վճարել։
-Իսկ որտե՞ղ մնաց մարդկային գործոնը։ Այդ մարդիկ ինձ համար աշխատել են, ժամանակին իմ կողքին են եղել, այդ հացը էլ ինչպե՞ս մենակ ուտեմ։

Եթե հարցը լուծում չգտնի, ինչո՞վ պետք է զբաղվեք։
-Հասկանում եմ, որ գնալով վիճակը վատանում է, ավելի լավ է հստակ որևէ ժամկետ ասեն, որպեսզի ես իմ անելիքն իմանամ․ չեմ ամաչում, կարող եմ նաև խանութում աշխատել, բայց այս անորոշության մեջ չգիտեմ՝ աջ գնալ, թե ձախ, որովհետև խանութում եթե ընդունվես աշխատանքի, մեկ էլ կառավարությունը կարող է ասել վերջացավ կարանտինը։ Սպասողական վիճակը նյարդային վիճակի մեջ է գցում։

-Ռեստորանների վերաբացման դեպքում, միևնույն է, մարդաշատ հանդիսություններն արգելված են, այդ դեպքում ձեզ համար ինչո՞վ էր այս հարցն առաջանահերթ։
-Իսկ էլ ինչո՞ւ են բացում ռեստորանները, որպեսզի մարդիկ գնան հա՞ց ուտեն։ Դրա համար մարդիկ ռեստորան չեն գնա, այլ նախապատվությունը կտան ուրիշ հետաքրքիր վայրերի։ Միջոցառումների չեղարկման հետևանքով շատ ոլորտներ են տուժել: Մարդաշատ հանդիսությունների արգելքի պատճառով գործազուրկ են մնացել նաև հարսանյաց հանդեսներ նկարահանող 15-20 հոգուց բաղկացած խմբեր, մատուցողներ, հարսանյաց ձևավորմամբ զբաղվող դիզայներներ և այլն։
Ես նաև զարմանում եմ՝ ինչո՞ւ են բացվել գեղեցկության սրահները, ես՝ ինքս, արդեն մի քանի ամիս է ո՛չ մազ եմ կտրել, ո՛չ դիմահարդարման եմ գնացել, ո՛չ զգեստներ եմ գնել։ Մարդիկ տանից դուրս չեն գալիս։

Իսկ հնարավո՞ր է պահպանել անվտանգությունը մարդաշատ հանդիսությունների ընթացքում։
-Դա արդեն մասնագետները պետք է ասեն, մենք առաջարկում ենք աշխատել։ Ես վիրուսի մասնագետը չեմ, բայց մասնագետի խորհդով արդեն կհասկանամ՝ ինչպես եմ բեմադրում պարային համարները, ինչպես պետք է նստեն հյուրերը։ Մեզ պետք է առաջարկեն պայմաններ, որպեսզի ամեն մեկը, հաշվի առնելով իր մասնագիտական առանձնահատկությունները, հասկանա՝ կարողանում է աշխատել, թե ոչ։

-Եթե հանդիսություններից մեկի ժամանակ գրանցվեն վարակի տարածման դեպքեր, ինքներդ պատրա՞ստ եք անձնականա պատասխանատվություն կրել դրա համար։
-Այդ ամեն ինչը պետք է նախօրոք քննարկվի, որովհետև նույնը կարող է լինել խանութում, մանկապարտեզում։ Վիճակն անվերահսկելի է։ Չես կարող իմանալ, թե ինչպես ու որտեղ է վարակվել։

Ինչպիսի՞ վնասներ եք կրել կարանտինի ընթացքում։
-Ես ու Սարգիսը լավ վիճակում ենք, որովհետև ինչ-որ գումարներ պարտքով չենք վերցրել։ Սակայն կան շատ մարդիկ, ովքեր 15-20 հազար դոլար գումար են բանկից վերցրել, ապրանք են պատվիրել, բայց հարսանիքը չեղարկվել է, ապրանքը փչացել է ու հիմա հայտնվել են անելանելի վիճակում։ Կարելի է ինչ-որ տարբերակ մտածել, որպեսզի պարտքը պարտքի վրա չգա։

-Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում։
-Ես չգիտեմ վաղն ինչ է  լինելու։ Ոչ մի ծրագիր չունեմ։ Դեռ փորձում եմ հետևել իմ առողջությանը, լինել ընտանիքիս կողքին, չչարանալ՝ հուսալով, որ վաղն ավելի լավ օր կլինի։ Ապրում եմ այսօր, հիմա՝ ժպիտով։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան