«Այս ընթացքում բոլորն ինչ-որ բաներ էին փորձում, իսկ ես չհանձնվեցի»․ Անելյա Գուբրյանը՝ ընտանիքում, խոհանոցում և ընկերների շրջապատում

Դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանն այս օրերին շարունակում է ընտանիքի հետ մեկուսացած մնալ։ Շատերն արդեն հասցրել են վերադառնալ իրենց «բնականոն» կյանքին, սակայն Անելյան շարունակում է օրվա մեծ մասը տանն անցկացնել։

ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր առօրյայից, հետաձգված և ներկայիս գործերից, անդրադարձել կազմվածքը պահպանելու իր միջոցներին, խոհանոցային գիտելիքներին, ինչպես նաև խոսել իր ընկերներից ու պատմել, թե առաջնահերթ ինչ է պատրասվում անել, երբ կարանտինը կավարտվի։

«Կարանտինը խիստ պահել եմ և արտակարգ դրության օրերին չեմ բացակայել տանից, քանի որ նկարահանումներ կամ այլ գործեր չունեի, դրանք ամբողջը փակ էին։ Օրվա ընթացքում հիմնականում զբաղվում եմ դասերով կամ իմ զարդերի և աքսեսուարների բիզնեսի նոր մտահաղացումներով․ այս ընթացքում, քանի որ ազատ ժամանակը շատ է, հետաքրքիր ու օրիգինալ մտքեր շատ են լինում։ Հիմա Մոլում տաղավարս ևս բացվել է, այնպես որ հիմնական ուշադրությունս դրա վրա է կենտրոնացած։ Նաև զուգահեռ սկսվել է նոր նախագծի նկարահանումներ, որտեղ ես ևս մասնակցում եմ․ մենք նկարահանումների ընթացքում պահպանում ենք բոլոր սանիտարահիգենիկ կանոնները»,- պատմում է դերասանուհին և հավելում, որ այս ընթացքում փորձել է շատ դուրս չգալ, սրճարաններում շատ ժամանակ չանցկացնել, իսկ դրա փոխարեն գերադասում է մաքուր օդին մի փոքր զբոսնելը։

Անելյան նշում է, որ մի նախագծում նկարահանումներ ուներ, սակայն կարանտինի պատճառով այն դադար է առել, նաև պլաններ ուներ արտերկիր մեկնելու՝ հանգստանալու նպատակով, որը ևս անորոշ ժամանակով հետաձգվել է։

«Այս ընթացքում երևի թե ամենաշատը կարոտել եմ մեր քաղաքային աժիոտաժին․ այն վիճակին, երբ դու առավոտից մինչև երեկո զբաղված էիր ու շատ գործեր ունեիր անելու։ Այն ժամանակ օրս միշտ լի էր ինչ-որ իրադարձություններով, իսկ հիմա տանը նստելը շատ անսովոր է՝ մանավանդ աշխույժ մարդու համար։ Չնայած չեմ դժգոհում, որովհետև բավականաչափ հանգստացել եմ, իսկ ես դրա կարիքը շատ ունեի»,- կիսվում է Անելյա Գուբրյանը։

Իսկ հարցին, թե ինչ կանի առաջին հերթին, երբ կարանտինը կավարտվի, դերասանուհին պատասխանում է․ «Առաջին բաներից մեկը, որ, երևի թե, կանեմ, երբ այս իրավիճակը հանդարտվի, մտերիմ ընկերներիս հետ գինի խմելն է Սարյան փողոցում։ Անցած տարի այս օրերին գինու փառատոնն էր անցկացվում, որն այս տարի չեղավ ու դրան մի տեսակ կարոտ մնացինք։  Այնպես որ՝ մտերիմներով որոշել ենք, այսպես ասած, փոքիրկ wine days կազմակերպել»։

Անելյան նաև առանձնացրեց կարանտինի դրական և բացասական կողմերը՝ միաժամանակ հավելելով, որ ցանկացած բացասական բանից էլ կարելի է դրականը քաղել։ «Կարանտինի ամենալավ կողմերից մեկն այն է, որ հնարավորություն եղավ ընտանիքիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, քանի որ գործունյա ընտանիք ենք, բոլորս աշխատում ենք ու իրար շատ քիչ ենք տեսնում։ Այս օրերին իրար հետ շատ ժամանակ ենք անցկացնում, նաև հասցրել եմ կարդալ իմ բոլոր մի կողմ դրված գրքերը, որոնք ժամանակի սղության պատճառով չէր լինում սկսել կամ ավարտին հասցնել։ Շատերն այս օրերին քաշ են հավաքել, իսկ ես նիհարել եմ, երևի թե, դա էլ է դրական կողմ))։  Իսկ կարանտինի բացասական կողմերից կարող եմ նշել այն, որ ոչինչ չկա անելու, զբաղվածությունը շատ քիչ է․․․ Նաև սկսում ես արժևորել այն մանրուքները, որոնք առօրյայում չէիր էլ նկատում, օրինակ՝ փողոցում ուղղակի քայլելը, որը նախկինում սովորական բան էր, իսկ այսօր դու դրան կարոտում ես։ Կարոտում եմ ընկերների հետ ժամանակ անցկացնելը, շատ մարդիկ հեռավորության վրա սկսում են ուրիշ ձևով շփվել քեզ հետ, սա, իհարկե, մի կողմից լավ է, քանի որ հասկանում ես՝ ով ով է»,- եզրակացնում է Անելյան։

Իսկ դերասանուհին շատ ջանքեր չի գործադրոմ տան պայմաններում իր կազմվածքը պահպանելու համար, որն, ի դեպ, մոդելային կարիերայում նրա համար կարևոր նշանակություն ունի։ «Ես մանկուց հաճախել եմ պարի, մարմնամարզության, լողի, ժամանակ առ ժամանակ նաև մարզասրահ էլ եմ գնում , բայց հատուկ ինչ-որ բաներ չեմ անում կազմվածքս պահպանելու համար, երևի թե, պիտի շնորհակալ լինեմ գեներիս։ Հատուկ սննդակարգ միանշանակ չունեմ, որովհետև, գործունեությունիցս ելնելով, շատ անկանոն եմ սնվում՝ հաճախ փողոցում կամ ինչ-որ սրճարանում։ Ավելի շատ փորձում եմ ժամանակ առ ժամանակ մարզասրահ այցելել ու ինձ կարգի բերել։ Իհարկե, տանը ես միշտ որովայնի մկանների ձգումներ կատարում եմ՝ անկախ նրանից մարզասրահ կգնամ, թե՝ չէ»,- պատմում է մոդելը։

Այս ընթացքում շատերը փորձ արեցին տաղանդներ բացահայտել նաև խոհանոցում։ Անելյան ուտել սիրում է և նաև գլուխ է հանում տարբեր երկրների խոհանոցներից, բայց միայն այդքանը․ «Ես երեք տարի աշխատել եմ ռեստորանային բիզնեսում։ Կարելի է ասել՝ շատ խոհանոցներ եմ ճանաչում՝ մեքսիսկական, թաիլանդական, վիետնամական, ֆրանսիական, իտալական․․․ ու բնականաբար ռեստորանում աշխատող մարդը դրանց մասին պետք է ամեն ինչ մանրակրկիտ իմանա։ Այսինքն՝ ես դրանց մասին բավականաչափ գիտելիքներ ունեմ, բայց ինքս պատրաստել հաստատ կդժվարանամ։ Տանը խոհանոց մտնելու կարիք չունեմ, որովհետև տատիկներս ու մայրիկս շատ համեղ են պատրաստում։ Իսկ եթե շատ ուզեմ զբաղվել, միգուցե ստացվի, բայց անկեղծ չեմ փորձել։ Այս ընթացքում բոլորը ինչ-որ բաներ էին պատրաստում ու դրանցով կիսվում էին համացանցում, իսկ ես անկոտրում մնացի»,- կատակում է Անելյան։

Հեղինակ՝ Լուս Ավագյան