Արքայազն Ուիլյամը պատմել է սննդի հարցում երեխաներին գոհացնելու դժվարության մասին

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն օրերս տեսակապի միջոցով զրուցել է PEEK բարեգործական նախագծի անդամների հետ, որն աջակցում է Մեծ Բրիտանիայում երիտասարդության շրջանում համայնքի զարգացմանը, իսկ կորոնավիրուսի համավարակի օրերին կարիքավոր ընտանիքներին սննդով է ապահովում, գրում է Fox news-ը։

37-ամյա Ուիլյամը բարեգործական կազմակերպությունում իր աշխատանքի մասին առաջինը խոսել է շեֆ-խոհարար Չարլի Ֆարալիի հետ։

«Ինքներդ գիտեք, որ ամենադժվար ժամն ընթրիքի ժամն է»,- ասել է շեֆ-խոհարարը՝ նկատի ունենալով, որ երեխաներին դժվար է գոհացնել և այնպիսի ուտելիքներ մատուցել, որն առանց պարտադրանքի կուտեն։

«Կախված է նրանից, թե ինչ կա սեղանին, Չարլի»,- ծիծաղելով նշել է արքայազնը՝ հավելելով, որ «եթե ծնողները երեխաների սիրելի ուտելիքներն են մատուցում, ընթրիքը շատ լավ է անցնում, բայց եթե սեղանին այնպիսի բան ես դնում, որ չեն ուզում ուտել, դա մեկ ուրիշ պատմություն է»։

Հայտնի է, որ արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ինքնամեկուսացել են իրենց երեք երեխաների հետ և թագավորական ավագ ընտանիքի պարտականությունները կատարում են տեսազանգերի միջոցով։