Լեռնիկ Հարությունյանի նոր «մասնագիտությունը», անակնկալներով լեցուն ծննդյան օրն ու դերը գեղարվեստական նոր ֆիլմում

Դերասան Լեռնիկ Հարությունյանը, ով շարունակում է նկարահանվել Արմենիա TV-ի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, այժմ նաև զուգահեռ նկարահանվում է նոր գեղարվեստական ֆիլմում, սակայն մանրամասներ ֆիլմից դեռևս չկարողացավ հայտնել, միայն նշեց, որ համագործակցում են ամերիկացիների հետ։

ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանը անդրադարձավ իր աշխատանքին ու նկարահանումներին, խոսեց կարանտինային առօրյայից ու իր տան շինարարությունից, ինչպես նաև պատմեց օրեր առաջ տեղի ունեցած ծննդյան տարեդարձից։

«Հեռուստասերիալում կերպարը, որին կերտում եմ, շատ դինամիկ է ու մշտապես հայտնվում է նոր զարգացումների կենտրոնում։ Իմ հերոսը թե՛ հոգեկան հիվանդ դարձավ, թե՛  մարդասպան ու բանտարկյալ դարձավ, հետո սիրահարվեց, սիրեց ու ամուսնացավ։ Կարելի է ասել՝ հասցրեց ամեն ինչի միջով անցնել։ Հերոսս չի թողնում, որ հեռուստադիտողը ձանձրանա, ու պիտի խոստովանեմ, որ բավականին հետաքրքիր կերպար է՝ այն կերտելու առումով»,- պատմում է Լեռնիկ Հարությունյանը։

Եթե կարանտինին շատերը ձանձրանում են և չգիտեն, թե ինչով իրենց զբաղեցնեն, ապա դերասանն իր համար նոր «աշխատանք» է գտել․ «Կարանտինին չեմ հասցնում ձանձրանալ, որքան էլ որ զարմանալի լինի։ Կարանտինի ընթացքում ազատ ժամանակս հատկացնում եմ տանս շինարարությանը։ Խիստ գրաֆիկի պատճառով այն կիսատ էր մնացել, հիմա շարունակում եմ ու համարյա թե ավարտին եմ հասցնում։ Տանս բակն եմ վերանորոգում։ Չուզեցի, որ ազատ ժամանակս անտեղի կորչեր, այնպես որ հետաքրքիր և օգտակար զբաղմունք գտա»։

Լեռնիկին ընտանիքի հետ բավականաչափ ժամանակ անցկացնելու համար կրկին ժամանակը չի հերիքում։ «Նախկինում, երբ ազատ էինք լինում, նախընտրում էինք Հայաստանի գեղատեսիլ վայրերով շրջել, եկեղեցիներ այցելել, բայց քանի որ հիմա այդ հնարավորությունը չկա ու դրա հետ մեկտեղ ազատ ժամանակ էլ չկա, այս սովորությունը մնացել է հեռավոր ապագայի համար»,- ցավով նշում է դերասանը։

Լեռնիկ Հարությունյանն օրեր առաջ նշել է ծննդյան 39-ամյակը։ «Ես երբեք իմ ծննդյան օրը չեմ պլանավորում։ Հիմա մի բան պատեմ, կարող է ծիծաղեք, երբ մեր կոորդինատորի հետ նկարահանման օրերի համար պայմանավորվում էինք, իրեն ասացի, որ ամսի 14-ին և 15-ին զբաղված եմ լինելու, 16-ին հանգիստ կարող ենք նկարահանումներ պլանավորել, ու սա այն դեպքում, երբ 16-ին ծննդյանս օրն էր․․․Իրոք, լրիվ մոռացել էի։ Եկավ այդ օրը ու հասկացա, որ ամբողջ օրվա համար նկարահանումներ ունեմ, պատկերացրեք՝ այդքան անտարբեր եմ եղել»,- պատմում է դերասանն, ապա հավելում․ «Ծննդյանս օրը գրեթե տանը չեմ եղել, առավոտյան 10-ից մինչև գիշերվա 2-ը նկարահանման եմ եղել։ Օրվա ընթացքում մի պահ եմ կարողացել տուն մտնել ու ինչ տեսնեմ․ մեր տանը գինարբուք է, առանց ինձ նշում են ծննդյանս օրը։ Ի դեպ, շատ ուրախ ժամանակ էին անցկացնում, ես որ հետները լինեի, կարող է այդքան լավ չանցներ»,- կատակում է դերասանը։

Հիշվող նվերների պակաս դերասանը ևս չի զգացել․ «Հետաքրքիր եղավ այն, որ Ամերիկայից իմ ընկերը տորթ էր պատվիրել ինձ համար՝ սինթեզատորի տեսքով։ Իրոք զարմացել էի ու մի տեսակ ինձ գնահատված էի զգում»։

Դերասանը նաև հուզված պատմեց 10-ամյա դստեր անակնկալի մասին․ «Աղջիկս ինձնից տաղանդավոր է։ Երեկ ասաց, որ իրեն իմ լուսանկարներից մեկը տամ։ Կարծեցի` մի տեղ օգտագործելու է, անկեղծ եմ ասում, չէի սպասում, որ առավոտյան ինձ իմ դիմանկարը կնվիրի։ Այն ինքնուրույն էր նկարել։ Դա ամենաթանկ նվերն է, որը ես կարող էի երբևէ ստանալ։ Աղջիկս մեզ շատ է ուրախացնում»։

Լեռնիկը բավականին խիտ գրաֆիկ ունի, և անգամ կարանտինը չօգնեց նրան աշխատանքից մի փոքր հանգստանալու և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար․ «Ես շատ-շատ կարոտել եմ իմ ընտանիքի հետ ազատ ժամերը վայելելու հնարավորությանը։ Ուրիշներին կարանտինը հնարավորություն տվեց, որ ժամանակի հիմնական մասն անցկացնեն իրենց ընտանիքի հետ, ինձ մոտ այդպես չեղավ։ Իմ գրաֆիկում, կարելի է ասել, ոչ մի արտասովոր փոփոխություններ չեղան․ էլի նկարահանվում եմ ու էլի ժամերով բացակայում տանից։

Իհարկե, ինչ-որ պահի տանը լինելն էլ դերասանը փորձում է  արդյունավետ օգտագործել։ «Ինձ բացահատել եմ նոր կողմերից․ լրիվ շինարար-վարպետ եմ դարձել։ Առաջին անգամ էի ինձ այդ տեսանկյունից փորձում, բայց արի ու տես, որ ստացվեց»,- ասում է Լեռնիկ Հարությունյանը։

Հեղինակ՝ Լուս Ավագյան