Exclusive. «Վայրենի տատին» կամ «Փոքրիկ զորավարը 2»․ նոր գեղարվեստական ֆիլմից մանրամասներ է ներկայացնում ռեժիսոր Հենրի Քոչարյանը - showbiz.am

Exclusive. «Վայրենի տատին» կամ «Փոքրիկ զորավարը 2»․ նոր գեղարվեստական ֆիլմից մանրամասներ է ներկայացնում ռեժիսոր Հենրի Քոչարյանը

By

2013 թ․-ին մեծ էկրաններ բարձրացավ «Փոքրիկ զորավարը» գեղարվեստական ֆիլմը, որը շատ ջերմ ընդունվեց և սիրվեց հայ հանդիսատեսի կողմից։ Եվ ահա 2020-ին նկարահանվել է ֆիլմի երկրորդ մասը, որը ևս խոստանում է անտարբեր չթողնել հանդիսատեսին և հեռուստադիտողին։

Ֆիլմի հետ կապված մանրամասներին ծանոթանալու համար ShowBiz.am-ը զրուցել է ֆիլմի ռեժիսոր և դերասան Հենրի Քոչարյանի հետ։ Ռեժիսորը նախագծի առաջին մանրամասները վստահել է մեզ և պատմել ֆիլմի նկարահանումներից, դերասանական կազմից, ինչպես նաև անդրադարձել է իր կարանտինային առօրյային ու ասել, թե, ըստ իրեն, որն է հումորային նախագծերի հաջողության բանաձևը։

«Ամիսներ առաջ նկարահանեցինք նոր գեղարվեստական ֆիլմ, որի աշխատանքային վերնագիրն է «Վայրենի տատին» կամ «Փոքրիկ զորավարը 2»։ Բայց պետք է նշեմ, որ այս ֆիլմը սյուժետային կախվածություն չունի առաջին մասից։ Այսինքն՝ հանգիստ կարող եք դիտել 2-րդ մասը, հետո նոր առաջինը։ Սա այն մեկի շարունակությունը չէ, ուղղակի հերոսները կրկնվում են, իհարկե, ավելացել են նաև նոր դեմքեր։ Սկզբից անգամ մտածում էինք լրիվ ուրիշ անուն ընտրել ֆիլմի համար, դրա համար էլ նախնական որոշեցինք «Վայրենի տատին» կամ «Փոքրիկ զորավարը 2»։ Ֆիլմի սյուժեն չէի ցանկանա բացահայտել, լավ կլինի, որ այն հանդիսատեսի համար անակնկալ լինի։ Ֆիլմի մասին ավելի շատ ինֆորմացիա կլինի, երբ հրապարակվի թրեյլերը։ Այն շատ ավելի հետաքրքիր բացահայտումներ կանի, քան որ ես հիմա փորձեմ ինչ-որ բաներ պատմել»,- կիսվում է ռեժիսորը։

Ֆիլմի նկարահանումները հիմնականում տեղի են ունեցել փետրվար ամսին։ Նկարահանող թիմը փորձ է արել ստանալ ձմեռային հետաքրքիր տեսարաններով ֆիլմ, բայց քանի որ Երևանում ձմեռը այդքան էլ արտահայտիչ չի լինում, նկարահանումների հիմնական մասը տեղի են ունեցել Ծաղկաձորում և Վանաձորում։ «Երևանում նկարահանել ենք ներսի տեսարանները։ Բավականին մասշտաբային նախագիծ է ստացվել։ Բազմաթիվ դերասաններ են ընդգրկված ֆիլմում»,- պատմում է Հենրի Քոչարյանը։

Ֆիլմում նկարահանվել է նախորդ մասից արդեն հայտնի «փոքրիկ զորավարի» դերակատար Արամ Այվազյանը, ով արդեն բավականին մեծացել է, նախորդ մասում նա ընդամենը 7 տարեկան էր։ «Նախագծում նաև ես եմ նկարահանվել, մարմնավորում եմ հայ օլիգարխի կերպարը։ Ֆիլմում են նաև իմ անվտանգության երկու աշխատակիցները՝ Մարատ Խաչատրյանը և Նարեկ Մախսուդյանը, ովքեր այս մասում արդեն հիմնական կերպարներ են հանդիսանում՝ ի տարբերություն նախորդ մասի, որտեղ ներկայացել էին էպիզոդիկ դերերով։ Շատ հետաքրքիր և կոլորիտային կերպարներ են, ու շատ գործողություններ հենց նրանց շուրջն է ծավալվում։ Ֆիլմում հայտնվում է նաև օլիգարխի երկրորդ որդին՝ 6-ամյա Դավիթը, շատ տաղանդավոր երեխա է»,- մանրամասնում է ռեժիսորը։

Ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Ադրիանա Գալստյանը։ Իսկ «վայրենի տատիկի» դերակատարը Ջուլիետա Ստեփանյանն է: Նախագծում նկարահանվել են նաև Շուշան Երիցյանը, Սոնա Դանիելյանը, Մարգարիտա Հունանյանը, Թաթուլ Բոստանչյանը և շատ ուրշներ։
Ֆիլմի օպերատորն է Եղիշե Սողոմոնյանը։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է եղել հունիսի 1-ին, սակայն, հաշվի առնելով այս իրավիճակը, այն անորոշ ժամանակով հետաձգվել է․«Հույս ունեմ՝ աշնանը արդեն հնարավոր կլինի, որ ֆիլմը մեծ էկրաններ բարձրանա»։

Կարանտինի ընթացքում ռեժիսորն ու իր կինը փորձում են իրենց առօրյան ավելի հագեցած ու բազմազան դարձնել՝ ընտրելով ժամանակն անցկացնելու հետաքրքիր տարբերակներ։«Կարանտինի ընթացքում մեզ համար սովորություն ենք դարձրել ամենաուշն առավոտյան 7-ին արթնանալը, այդպես ավելի շատ ժամանակ ենք ունենում օրը կազմակերպելու և այն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Իհարկե, ոչ միշտ, բայց հաճախ կնոջս հետ զբոսնում ենք քաղաքի տարածքում ու բավականին երկար ժամանակ ենք դրա համար հատկացնում։ Կինս էլ, քանի որ Հայաստանից չէ, նրա համար հետաքրքիր է Երևանի տարածքում զբոսնելն ու նոր բաների հետ ծանոթանալը։ Բացի այդ նաև փորձում եմ այս ժամանակն ավելի խելամիտ օգտագործել․ առաջ, երբ ինչ-որ բան էինք ծրագրում, շատ հաճախ ժամանակի սղության պատճառով այն անկատար էր մնում, իսկ հիմա սկսել եմ դրանք նորից վերանայել, անել այնպիսի բաներ, որոնք ինչ-ինչ պատճառներով կամ չէի սկսել, կամ էլ կիսատ էի թողել։ Օրվա ընթացքում հասցնում եմ նաև մարզվել ու դրա հետ մեկտեղ նաև մտածել հետաքրքիր գաղափարների ու նախագծերի մասին»,- պատմում է Հենրի Քոչարյանը։

Զրույցի ընթացքում խոսեցինք նաև հումորային նախագծերից ու փորձեցինք հասկանալ, թե ինչում է կայանում դրանց հաջողության գրավականը․ «Հայաստանում հումորային նախագծերը բավականին պահանջված են, ինչն էլ պայմանավորում է դրանց հաջողված լինելը։ Իսկ պահանջված են, քանի որ մենք կարողանում ենք լավ կատակերգություններ նկարել, գուցե դա գալիս է նրանից, որ մեր ազգը հումորով ազգ է, ու մեզ մոտ հումորը յուրահատուկ բարձունքի վրա է գտնվում»,- ասում է ռեժիսորն, ապա հավելում․«Իրականում մարդկանց ծիծաղեցնելը շատ բարդ գործ է, իսկ մենք դրանում կարողանում ենք հաջողություններ գրանցել։ Նաև պետք է նշեմ, որ հումորը կարող է շատ սպեցիֆիկ լինել․ օրինակ՝ Հոլիվուդում նկարված կատակերգությունը, որն իրականում շատ լավ ֆիլմ է, մեզ համար կարող է ընդհանրապես ծիծաղելի չլինել, քանի որ դրա բնույթն ու ասելիքը կարող են մեզ համար խորթ լինել, իսկ այստեղի սցենարիստներն ու ռեժիսորները գիտեն, թե որ մոտեցումն ու հումուրն է մեզ հարազատ ու հասանելի։  Ես չեմ ասում, որ մենք չենք կարող այլ ժանրերում էլ մեզ փորձել, ուղղակի դրանց համար արդեն ավելի մեծ ծախսեր կպահանջվեն, որը մենք այժմ մեզ թույլ տալ չենք կարող, քանի որ մենք աշխատում ենք ավելի փոքր շուկայի համար։ Հետևաբար մեր կատարած ծախսերն ու հետո դրանից եկող եկամուտն էլ շատ ավելի քիչ են լինում։ Հոլիվուդում նկարում են ֆանտաստիկ ժանրի ֆիլմ ու դրա վրա ծախսում են միլիոնավոր դոլարներ, իսկ մենք այդ առումով մրցունակ չենք՝ ի տարբերություն կատակերգությանը, որն ավելի քիչ ծախսեր է պահանջում։ Անգամ երկու հոգու զրույցից էլ հնարավոր է կատակերգություն ստանալ, ինչը չենք կարող ասել ֆանտաստիկ ժանրի մասին, որն ավելի մարակրկիտ աշխատանք, հզորագույն գրաֆիկաներ ու տեխնիկաներ է պահանջում, նույնը կարող ենք ասել նաև մարտաֆիլմերի կամ մեկ այլ ժանրի մասին»։

Կարանտինը շատ լուրջ վնասներ հասցրեց համաշխարհային կինոարտադրությանը, ռեժիսորը հույս հայտնեց, որ այս ամենը շուտ կավարտվի և մենք կկարողանանք վերադառնալ մեր բնականոն առօրյային,նաև դրա հետ մեկտեղ հնարավորություն կունենանք կինոթատրոններից հետևել այն ֆիլմերի ընթացքին, որոնց պրեմիերային արդեն երկար ժամանակ է՝ սպասում էինք։

Հեղինակ՝ Լուս Ավագյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Ռասիզմը մեր համավարակն է, որի պատվաստանյութը 400 տարվա ընթացքում դեռ չենք գտել»․ Ջորջ Քլունի

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը նվիրված էսսեում կոչ է արել ԱՄՆ-ում իրավապահ մարմինների, քրեական արդարադատության...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

1 մլն ռուբլի. Օլգա Բուզովայի հայազգի փեսացուն սոցցանցերում պարծեցել է թանկարժեք գնումներով (լուսանկարներ)

Երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովայի փեսացուն՝ բլոգեր Դավիթ Մանուկյանը, հունիսի 1-ին՝ Մոսկվայում ոչ մթերային խանութների վերաբացման առաջին օրը, ինստագրամյան իր էջի...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Քսենիա Բորոդինան՝ առանց դիմահարդարման․հաղորդավարուհու կարանտինային լուսանկարը զարմացրել է երկրպագուներին

Հաղորդավարուհի Քսենիա Բորոդինային բոլորը սովոր են տեսնել միշտ վառ դիմահարդարմամբ, սակայն օրերս նա իր ինստագրամյան էջում ներկայացրել է երկրպագուներին,...
Ավելին