«Նախագահի դուստրը». Բիլ Քլինթոնն ու գրող Ջեյմս Պատերսոնը 2-րդ համատեղ թրիլլերը կթողարկեն

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և գրող Ջեյմս Պատերսոնի՝ «Նախագահի դուստրը» երկրորդ դետեկտիվ վեպը լույս կտեսնի 2021 թվականի հունիսին, հայտնում է Publishers Weekly-ն։

Աղբյուր մանրամասնում է, որ գրքի հրապարակմամբ կզբաղվեն Alfred A. Knopf և Hachette հրատարակչությունները, որոնք համագործակցել էին նաև «Նախագահը կորել է» (The President Is Missing) վերնագրով գրքի հրապարակման աշխատանքների ժամանակ։

«Ընթերցողների շրջանում նրանց առաջին համատեղ վեպի աննախադեպ հաջողությունը լավ նախանշան է նաև երկրորդ աշխատանքի համար, քանի որ Քլինթոնը և Պատերսոնը նախագահական թրիլերի վարպետներ են արդեն դարձել»,- ասվում է հրատարակչությունների համատեղ հայտարարությունում։

Նշվում է, որ որ Քլինթոնի և Պատերսոնի երկրորդ գիրքը նրանց առաջին վեպի ուղղակի շարունակությունը չի լինի․ այն Նյու Հեմփշիր նահանգ տեղափոխված ԱՄՆ նախկին նախագահի դստեր առևանգման մասին պատմություն է։

«Ես երախտապարտ էի առաջին գրքի գրանցած հաջողության համար, ուստի՝ հավատում եմ, որ «Նախագահի դուստրը» ընթերցողներին դուր կգա նույնքան, որքան այդ գրքի վրա աշխատելն էր դուր գալիս»,- հայտարարել է Քլինթոնը։ Պատերսոնը, իր հերթին, նկատել է, որ Քլինթոնի հետ համատեղ աշխատանքը առանցքային դեր ունի իր կարիերայում։

Հիշեցնենք, որ Քլինթոնի և Պատերսոնի առաջին «Նախագահը կորել է» համատեղ վեպը լույս է տեսել 2018 թվականին և հրապարակման օրվանից մեկ շաբաթ անց դարձել ամենաշատ վաճառված գրքերից մեկը։ Վեպը պատմում է ԱՄՆ նախագահի մասին, որը երկիրն ավերիչ կիբերհարձակումից պաշտպանելու համար ընդհատակ է անցնում։