Վենսան Կասելը Ֆրանսիայում վթարի է ենթարկվել․ դերասանը հոսպիտալացվել է

Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելը վթարի է ենթարկել, հայտնում է Mirror-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 20-ին՝ Ֆրանսիայի հարավարևմտյան Արբոնի շրջանում։ Նշվում է, որ Կասելն իր վարած սկուտերի և մեկ այլ մեքենայի բախման հետևանքով ընկել է տրանսպորտային միջոցից։

PolyClinique d’Aguilera մասնավոր հիվանդանոցից հայտնել են, որ դերասանը պատահարից հետո հոսպիտալացվել է։

Նշվում է, որ վերջինս դեմքի թեթև վնասվածքներ է ստացել։ Ավելի ուշ 53-ամյա դերասանն իր ինստագրամյան էջում տեղեկացրել է, որ ամեն բան կարգին է:

«Ես ողջ եմ, շնորհակալություն»,- նշել է նա։