Քեմերոն Դիասը պատրաստ է մոտ ապագայում վերադառնալ դերասանական կարիերային

Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասը պատրաստ է մոտ ապագայում վերադառնալ մեծ էկրաններ, սակայն դերի ընտրության հարցում շատ նրբանկատ է, գրում է ET-ն։

«Ոսկե գլոբուսի» քառակի հավակնորդը 2015-ին ամուսնանալուց հետո դադարել է զբաղվել դերասանական կարիերայով, սակայն, ինչպես հայտնում են քաջատեղյակ աղբյուրները, դերասանուհին պատրաստ է վերադառնալ ֆիլմարտադրություն։

47-ամյա դերասանուհին, որը վերջերս լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, «վայելում է նկարահանումներից դուրս իր ժամանակը և այն անցկացնում ամուսնու և երեխայի հետ», հայտնել է ET-ի աղբյուրը։

«Քեմերոնն առանց դադարի աշխատել է գրեթե 20 տարի և ընդմիջման կարիք ուներ»,-հայտնել է նա։

Նրա խոսքով՝ դերասանուհին առաջնային է համարում իր մայրական պարտականությունները, սակայն մոտ ապագայում մտադիր է վերադառնալ Հոլիվուդ։

Ավելի վաղ InStyle-ում թողարկված անձնական էսսեում Դիասը գրել էր․ «Իմ կյանքի կեսը նվիրել եմ հանրությանը։ Կարծում եմ՝ ինձ ժամանակ տրամադրելը լավ է, քանի որ կկարողանամ վերակազմակերպել անելիքներս և որոշել՝ ինչպես եմ ցանկանում վերադառնալ աշխատանքիս»։

Դերասանուհին 2015-ին ամուսնացել է ամերիկացի երաժիշտ Բենջի Մեդդենի հետ․ զույգի առաջնեկը լուս աշխարհ է եկել 2019-ի դեկտեմբերին։