Ինչպե՞ս է Անահիտ Շահբազյանը կարանտինային պայմաններում փոքրիկ խնջույք կազմակերպել դստեր համար

Հայտնի երգչուհի Անահիտ Շահբազյանը և նրա ամուսինը՝ Կարեն Զադիրյանը, ամիսներ առաջ են ծնողներ դարձել և հիմա վայելում են յուրաքանչյուր րոպեն իրենց գեղեցկուհի դստեր՝ Նարեի հետ։ Երեկ երգչուհու ընտանիքում տոն էր․ փոքրիկ Նարեն դարձավ 7 ամսական։ Չնայած կարանտինային ռեժիմին ու համավարակին՝ երգչուհին որոշել էր փոքրիկ խնջույք կազմակերպել դստրիկի համար, որին ներկա էին միայն ամենամտերիմ մարդիկ։

«Իրականում տոնը շատ կարոտած անցավ, որովհետև բոլորս կարանտինի մեջ էինք և շատ էինք միմյանց կարոտել։ Համոզված էի, որ մտերիմներս մեկուսացած են եղել իրենց տներում, ու ոչ մի խնդիր չի լինի, այդ պատճառով խնջույքը կազմակերպեցինք ու երեք ընտանիքներով հավաքվեցինք։ Ամենամեծ երջանկությունն էր, որ վերջապես հանդիպեցինք»,- Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է Անահիտը։

Երգչուհին նշում է, որ դեռ Նարեի ծնված օրվանից նրա մեջ նկատել է դերասանական տաղանդ և հատուկ վերաբերմունք,  հակումներ երաժշտության հանդեպ։  Մայրիկը նշում է, որ փոքրիկն ամեն օր նոր հայացքներով է արթնանում։ Անահիտը նաև մի կարևոր բան է նկատել փոքրիկ Նարեի մեջ։
«Եթե անգամ վատ երազ է տեսնում, եթե անգամ ջղայնանում է, միևնույն է, չի դադարում ժպտալ։ Երբ լաց է լինում ու ես մոտենում եմ, միանգամից սկսում է ժպտալ։ Դա նրա ամենադրական կողմն է»,-կիսվում է երգչուհին։

Անահիտը նաև նկատում է, որ շատ մարդիկ, տեսնելով Նարեին, ցանկանում են նրա պես ժպտերեսիկ ու դրական փոքրիկ ունենալ․
«Մենք նույնպես մտածում ենք երկրորդ երեխայի մասին, բայց Նարեին մի փոքր մեծացնելուց հետո»,-խոստովանում է Անահիտն ու հավելում,- «Արդեն երկրորդ տարին էր, ինչ այս հրաշքին էի սպասում։ Երբ իմացա, որ բալիկ եմ ունենալու, շոկի մեջ էի, ուրախությունս բառերով չեմ կարող նկարագրել»։

Շահբազյանը նաև մեզ հետ կիսվում է կորոնավիրուսից պաշտպանվելու իր հետաքրքիր տարբերակներով․
«Տանն ենք ու շատ հաճելի հանգստյան օրեր ենք անցկացնում։

Պայքարում ենք բնական միջոցներով․ խնկարկում, սխտոր, օղի և բարձր տրամադրություն։
Լավ է, որ ամբողջ աշխարհում տարածվեց ինֆորմացիա այդ վիրուսի մասին, ինչի շնորհիվ հիմա մարդիկ ավելի զգոն, խնամված, ուշադիր և միշտ լվացված կլինեն։ Սա օրինակ է, որին պետք է հետևել բոլոր վիրուսների դեպքում»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան