Հայտնի է, թե երբ տեղի կունենա Վենետիկի կինոփառատոնը

Վենետիկի կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին՝ ինչպես և նախատեսված էր, քանի որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը նվազագույնին է հասել, կիրակի հայտարարել է Վենետո շրջանի նահանգապետ Լուկա Զայան, գրում է Deadline-ը։

Զայան, որը նաև փառատոնի կազմակերպիչ Biennale di Venezia ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, հայտնել է, որ, հավանաբար, 77-րդ կինոփառատոնի ժամանակ ավելի քիչ ֆիլմեր կցուցադրվեն՝ հաշվի առնելով կորոնավիրուսի ֆոնին համաշխարհային կինոարտադրության դադարեցումը:

Դեռ հունվարին հայտարարվել էր, որ հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Բլանշետն այս տարի կգլխավորի ժյուրիի կազմը։

Իտալիան ծրագրում է հունիսի 3-ից բացել երկիրը զբոսաշրջիկների առջև, իսկ Եվրամիության երկրներից զբոսաշրջիկները կկարողանան երկիր մուտք գործել առանց 14-օրյա կարանտին անցկացնելու։