«Շատ բաների միջով եմ անցել, շատ զոհողությունների եմ գնացել»․ Տաթև Ղազարյանի անկեղծ զրույցը՝ սիրելի մասնագիտության, սպասվելիք նորությունների ու կարանտինի դրական կողմերի մասին

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանն այն մարդկանցից է, ով տնային մեկուսացումն անցկացրել է հնարավորինս օգտակար ձևով։ Դերասանուհին, ինչպես բոլոր դասախոսները, ստիպված է եղել անցնել հեռավար դասավանդման տարբերակին՝ չնայած որ ապագա դերասանների հետ օնլայն աշխատելն այնքան էլ դյուրին առաջադրանք չէ։ Showbiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է կարանտինի ընթացքում Համազգային թատրոնի կարևոր նախաձեռնությունների, տանը մնալու դրական կողմերի մասին, ինչպես նաև խորհուրդ տվել դերասանի մասնագիտության մասին երազող երիտասարդներին։

Նախ տնային մեկուսացման մասին։ Տաթև Ղազարյանի բնորոշմամբ՝ իր առօրյան անցել է բավականին բուռն և հետաքրքիր․ «Բացատրեմ՝ ինչու․ իմ կարծիքով, ընդհանրապես մարդն ինքը պետք է կարողանա իր հետաքրքրությունները բավարարել՝ անկախ նրանից, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել հարկադրաբար։ Ես էլ, հարկադրաբար հայտնվելով կարանտինային իրավիճակում, փորձեցի ինչքան հնարավոր է հատաքրքրացնել կյանքս։ Առաջինն այն էր, որ ես օնլայն աշխատում էի իմ ուսանողների հետ , քանի որ դասավանդում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Հեռավար դասավանդում էի բեմական խոսք առարկան, և որքան էլ որ դժվար էր ու հարիր չէր Թատերական ինստիտուտին, միևնույնն է փորձեցինք հնարավորինս հետաքրքիր դարձնել մեր դասերը։ Օնլայն դասեր էի անում ու բացի այդ էլ ինտերնետային կայքերից մեկով հեքիաթներ էի պատմում փոքրիկների համար։ Հունաստանում, Կանադայում և Ամերիկայում բնակվող մեր սփյուռքահայ ընկերների համար նույնպես բանաստեղծություններ ու հեքիաթներ էի կարդում և ուղարկում։ Այստեղ նույնպես գրադարաններ ու կազմակերպություններ են դիմել ինձ, որոնք օնլայն հարթակում որոշակի գործունեություն են ծավալում ու ես ակտիվ մասնակցություն էի ունենում, մի խոսքով՝ օրս շատ հանգեցած էր անցնում։ Նաև մայրիկիս հետ էի շատ ժամանակ անցկացնում, որն ինձ համար իսկապես հաճելի էր, քանի որ վերջին շրջանում շատ չէինք կարողանում միասին լինել։ Այնպես որ, փորձում ենք ընդհանրապես նորովի ապրել, որովհետև սա դեռ կարծում եմ երկար կձգվի, իսկ մենք պետք է մեր ապրելաձևը փոքր-ինչ փոխենք ու տեղավորվենք այս պայմաններում»։

Դերասանուհին տեսնում է նաև հարկարդված տնային մեկուսացման դրական կողմերը. «Ընդհանրապես ամեն ինչի մեջ ես փորձում եմ գտնել դրական կողմեր՝ ինչ էլ որ կատարվում է իմ կյանքում և այս դեպքում՝ նաև աշխարհում։ Դրական կողմերից է այն, որ փոքր-ինչ հանգիստ առանք, մայրիկիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն ունեցա, ուսանողներիս հետ փորձեցինք այլ տեսանկյունից բեմական խոսք առարկան հասկանալ, այսինքն՝ եթե մինչ այդ մենք հիմնականում ուսանողների հետ բեմական խոսքը պատրաստում էինք հենց որպես բեմից հնչող խոսք, ապա այս դեպքում մենք աշխատում էինք բարձրախոսի, տեսախցիկի հետ, որի ընթացքում նաև կրկնօրինակման նրբությունների հետ փորձեցի ծանոթացնել նրանց, այսինքն՝ օգտագործեցինք այս պայմանները, որպեսզի դրական արդյունքներ քաղենք դրանցից։ Եթե մարդն ուզում է՝ անպայման դրական կողմեր կգտնի և հակառակը»։

Շատ հայտնիներ կարանտինի ընթացքում սկսեցին իրենց ուժերը փորձել տարբեր ասպարեզներում, օրինակ՝ երգել, պարել կամ համեղ կերակուրներ պատրաստել։ Դերասանուհին շեշտում է, որ նոր տաղանդներ իր մեջ չի փնտրել, քանի որ ինքն իրեն շատ լավ է ճանաչում, բայց ամեն դեպքում խոհանոցում որոշ նոր ուտեստներ փորձել է պատրաստել․ «Պետք է ասեմ, որ ես ինձ շատ լավ եմ ճանաչում և պարտադիր չէր մեկուսանալ, որպեսզի ինչ-որ նոր բացահայտումներ անեի ինձ համար, որպես մարդ։ Երգելն ու պարելն անմիջականորեն կապված են իմ մասնագիտության հետ, իսկ համեղ կերակուրներ մեր տանը միշտ պատրաստել է ու պատրաստում է մայրս, այնպես որ ես փորձել եմ այս ընթացքում էլ դրա մեջ չխառնվել՝ չնայած փորձել եմ որոշակի բաներ պատրաստել, բայց չեմ կարող ասել, որ դա արել եմ տաղանդ բացահայտելու համար, այլ ժամանակը լրացնելու և հետաքրքիր անցկացնելու համար»։

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի աշխատանքներն ու բոլոր ներկայացումները նույնպես չեղարկվել էին։ Սիրված դերասանուհին մանրամասնում է, թե ինչով են ողջ ընթացքում զբաղվել թատրոնի դերասանները և ինչ նորություններ են պատրաստվում ներկայացնել հանդիստատեսի ուշադրությանը․ «Ինչպես բոլոր թատրոններում, մեր թատրոնում նույնպես բոլոր աշխատանքները սառեցվեցին, չնայած մեր թատրոնն այն ակտիվ թատրոններից էր, որ գրեթե ոչ մի օր անգործ չենք եղել։ Արտակարգ դրության հայտարարման հենց սկզբից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ նախաձեռնեցինք «Առականի» ծրագիրը, հետաքրքիր առակներ նկարահանեցինք ու հանձնեցինք մեր ինտերնետային հանդիսատեսի դատին։ Հիմա կրկին տան պայմաններում նկարում ենք ֆիլմ՝ Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա»։ Պետք է նկարահանենք Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունները օնլայն հարթակի համար, ինչպես նաև պատրաստվում ենք բացօդյա ներկայացում խաղալ ու շուտով կհանձնենք այս ամենը մարդկանց դատին։ Այնպես որ, Համազգային թատրոնը երբեք տեղում չի դոփում, յուրաքանչյուր իրավիճակում աշխատելու ձևը գտնում է, քանի որ մենք ուզում ենք աշխատել։ Առաջիկա ներկայացումների հետ կապված ես չեմ կարող որևէ բան հայտարարել, նույնիսկ թատրոնը չի կարող, երևի թե պետությունն էլ չի կարող, մինչև կհասկանանք՝ աշխարհում ինչեր են կատարվում։ Դա մեզանից կախված չէ։ Բայց մենք միշտ այնպես կանենք, որ մեր հանդիսատեսը մեզ չմոռանա, բայց նաև մեզանից չհոգնի»։

Թատրոնում կերտած կերպարներից ամենասիրելին․ «Ես այն երջանիկ դերասանուհիներից եմ, որ թատրոնում շատ կերպարներ եմ կերտել ու դժվարանում եմ նշել ամենասիրելին, քանի որ տվյալ էտապում որ կերպարի վրա աշխատում եմ ու որ կերպարը նոր է ինձ համար, դա էլ դառնում է ամենասիրելին, որովհետև եթե իմ ամբողջ սերը չնվիրեմ այդ կերպարին, իմ ողջ նվիրումը չտամ իրեն՝ չեմ կարծում, որ դա կփոխհատուցվի, այսինքն՝ այդ կերպարը ինձ չի սիրի ու մեր համագործակցությունը չի ստացվի։ Այնպես որ, ես սիրում եմ այն կերպարը, որն ինձ տրված է լինում այդ ժամանակաշրջանում»։

Նայելով Տաթև Ղազարյանի անցած դերասանական ուղուն, տեսնելով նրա պրոֆեսիոնալ խաղը՝ դժվար է պատկերացնել, որ նա կարող էր այլ մասնագիտություն ընտրել․ «Վերջերս հաճախ եմ սկսել մտածել այն մասին, որ եթե չդառնայի դերասանուհի, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեի։ Գիտեք, միևնույնն է, բնազդաբար ու ենթագիտակցաբար ես դերասանուհի եմ ծնվել և կարծում եմ՝ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Բայց եթե իմ հոգին, սիրտը, բնազդը դնեի մի կողմ և մտքով առաջնորդվեի, ապա ես միանշանակ կընտրեի բժշկի մասնագիտությունը։ Դա կախված չէ այս վերջին ժամանակաշրջանում տիրող իրավիճակից, քանի որ ես միշտ եմ շատ բարձր գնահատել բժիշկների աշխատանքը, ու վերջին դեպքերն էլ եկան ապացուցելու, որ դրանից ավելի կարևոր մասնագիտություն աշխարհում չկա։ Ճիշտ է, ասում են որ դերասաններն էլ բուժում են մարդկային հոգիները, որի հետ համաձայն եմ, բայց մարդկային կյանքեր փրկելուց ավելի վեհ ու ավելի աստվածային մասնագիտություն գոնե ինձ համար չկա։ Ես անպայման բժշկուհի կդառնայի, եթե դերասանուհի չլինեի»։

Բազմամյա փորձ ունեցող դերասանուհին շատ կարևոր խորհուրդ է տալիս դերասանի կարիերայի մասին երազող երիտասարդներին և նշում, որ շատ բաների է պետք պատրաստ լինել հանուն երազանքի մասնագիտության․ «Արդեն 20 տարուց ավելի է, ինչ ես թատրոնի բեմում եմ։ Շատ բաների միջով եմ անցել, շատ զոհողությունների եմ գնացել և նոր սկսող ու երազանքներ ունեցող դերասաններին խորհուրդ կտամ մի բան՝ թո՛ղ երկար մտածեն իրենց երազանքի շուրջ։ Երբեմն երազանքը շատ խաբուսիկ է լինում, ու որոշ ժամանակ անց մենք հասկանում ենք, որ սրա մասին չէինք մենք երազում։ Իսկ եթե հաստատ ու վերջնական կհասկանան, որ ուզում են դերասան կամ դերասանուհի դառնալ, պետք է զուգահեռ պատրաստ լինեն շատ-շատ զոհաբերությունների, շատ մեծ նվիրումի և շատ մեծ սիրո, որովհետև ճանապարհը փշոտ ու տատասկոտ է, բայց միևնույն ժամանակ՝ հրաշալի»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան

Լուսանկարները՝ Տաթև Ղազարյանի անձնական արխիվից