Էմի Ուայնհաուսի ողբերգական կյանքի մասին ևս մի կենսագրական ֆիլմ կնկարահանվի

Բրիտանացի հայտնի երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքը կվերածվի կենսագրական ֆիլմի, հայտնել է երգչուհու հայրը, գրում է mirror.co-ն։

69-ամյա Միթչ Ուայնհաուսը հույս ունի իր դստեր կյանքի ողբերգական պատմությունը վերածել ֆիլմի։ Նրա խոսքով՝ այժմ աշխատում է ֆիլմի ստեղծման վրա, որն ակնկալում է՝ էկրան կբարձրանա հաջորդ տարի։

Միթչը բացասական լույսի ներքո է ներկայացված 2015 թվականին մեծ էկրան բարձրացած «Էմի» վավերագրական ֆիլմում, որը պատմում է բրիտանացի երգչուհու կարիերայի հաղթանակների, ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ հակվածության և ողբերգական մահվան մասին։

Ուայնհաուսի հայրը, որը քննադատել է վավերագրական ֆիլմը, հայտնել է, որ ավելի շատ ստեղծագործական վերահսկողություն կունենա, քան ունեցել է ռեժիսոր Ասիֆ Կապադիայի «Էմի» ֆիլմում։

Նրա խոսքով՝ սոուլի աստղին կմարմնավորի «ճանաչում չունեցող դերասանուհի», որն արտաքնապես նման է Ուայնհաուսին։

Էմի Ուայնհաուսը մեծ դերակատարում է ունեցել սոուլի, ինչպես նաև բրիտանական երաժշտության հանրայնացման և ճանաչման գործում: Նրա հագուստի հիշվող ոճը բազում դիզայներների համար ոգեշնչման աղբյուր է եղել։

Ուայնհաուսը, որը տառապում էր հարբեցողությամբ և թմրամոլությամբ, տարիներ շարունակ գտնվել է սկանդալների և դատական գործերի կենտրոնում։

Երգչուհին մահացել է 2011 թվականի հուլիսի 23-ին՝ 27 տարեկանում՝ ալկոհոլային թունավորումից։