Մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը՝ «Հաց, ոսկի, նագան» ֆիլմի ստեղծողը

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է կինոռեժիսոր Սամվել Գասպարովը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Uzbekistan Armenian Magazine-ի գլխավոր խմբագիր Գեորգի Սահակովը:

Հիշեցնենք, որ Սամվել Գասպարովը ծնվել է Թբիլիսիում: Նա նկարահանել է այնպիսի ֆիլմեր, որոնք շատ հայտնի էին խորհրդային տարիներին: Սամվել Գասպարովի ամենահայտնի ֆիլմերն են «Վեցերորդը»,« Մոռացեք «մահ» բառը», «Հաց, ոսկի, նագան»-ը, «Առանց որևէ ռիսկի»-ն: Նրա կինը՝ Նատալյա Վավիլովան, հայտնի դերասանուհի է, ով կերտել է Ալեքսանդրիայի դերը օսկարակիր ​​«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում:

Սամվել Գասպարովի շնորհիվ Մայքլ Ջեքսոնը առաջին անգամ համերգային շրջագայությամբ ժամանում է Մոսկվա: Դրանից մեկ տարի առաջ Գասպարովը, տեսնելով Ջեքսոնի ելույթը Բուխարեստում, ուղղակի ցնցվել էր: 1993 թվականի սեպտեմբերին Գասպարովի «Դեսա» ընկերությունը փոփ արքայի «աստղային դեսանտին» իր 1 միլիոն դոլարի ներդնումն է ունեցել: