Պուտինը շնորհավորել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ (լուսանկարներ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայտնի հայ նկարիչ և քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին ծննդյան օրվա կապակցությամբ՝ նշելով, որ նրա աշխատանքները ոչ տրիվիալ են ու պահանջված, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Կրեմլի կայքում տեղ գտած շնորհավորական ուղերձին։

«Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ։ Տաղանդավոր նկարիչ, քանդակագործ, զանազան ժանրերում և տարբեր տեխնիկաներով ստեղծված վառ, ինքնատիպ աշխատանքների հեղինակ, Դուք միջազգային լայն ճանաչման եք հասել։ Կարևոր է այն, որ այսօր էլ Ձեր ստեղծագործական նախագծերը շարունակում են հետաքրքիր, յուրօրինակ և պահանջված լինել։ Ձեզ քաջառողջություն, ոգեշնչում և ամենայն բարիք եմ մաղթում»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Գեորգի Ֆրանգուլյանը ծնվել է Թբիլիսիի Սոլոլակի շրջանում 1945 թվականին։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ 1964 թվականին ընդունվել է Ստրոգանովի անվան արվեստի բարձրագույն ուսումնարան, որտեղ ուսանել է Ջորջ Մոտովիլովի և Ալեքսանդր Մատվեևի դպրոցներում։

Նրա ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։