Աշխարհի ամենահարուստ մարդը բացահայտել է իր հաջողության գաղտնիքը

Amazon ընկերության հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդ համարվող Ջեֆ Բեզոսն իր և իր ընկերության համար գլխավոր չափանիշ է համարել հաճախորդների նկատմամբ ուշադրությունը: Այս մասին նա ասել է Business Insider պարբերականին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ամբողջ ուշադրությունը մրցակիցներին հատկացնելու դեպքում կարելի է շատ արագ կորցնել մոտիվացիան:

«Դուք արդեն առջևում եք, ի՞նչ կարիք կա վազելու: Եթե դուք կենտրոնացած եք հաճախորդների վրա, եթե դա ձեր մոտիվացիան է, ապա այն շատ կայուն է»,- կարծում է գործարարը:

Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ անգամ առաջատար ընկերության հաճախորդները միշտ որևէ բանից դժգոհ են:

Բեզոսի կարծիքով՝ գլխավոր հարցը, որին պետք է պատասխանի ցանկացած ձեռներեց, այն է, «թե ինչը չի փոխվի 10 տարվա ընթացքում»:

Նա բացատրել է, որ ընկերություններ ստեղծողները կարող են ռազմավարություն մշակել նրա շուրջ, ինչը երկար ժամանակ անփոփոխ կմնա:

Forbes-ը Բեզոսի կարողությունը գնահատում է 143 միլիարդ դոլար: Ավելի վաղ Comparisum ծառայության վերլուծաբանները կանխատեսել էին, որ 2026 թվականին Բեզոսը կարող է դառնալ աշխարհում առաջին դոլարային տրիլիոնատերը: