Մասկի ընկերուհին մտադիր է աճուրդի հանել հոգին

Ամերիկյան երգչուհի Գրայմսը, որը միլիարդատեր Իլոն Մասկի ընկերուհին է և վերջերս լույս աշխարհ է բերել իրենց առաջնեկին, մտադիր է աճուրդի հանել հոգին, գրում է Daily Mail-ը:

32-ամյա երգչուհին մտադիր է հոգին վաճառքի հանել նոր Selling Out արտ նախագծի շրջանակում:
Պարբերականը մանրամասնում է, որ սա կլինի Գրայմսի առաջին ցուցահանդեսը, որի շրջանակում վաճառքի են հանվելու նրա ստեղծած նկարները, լուսանկարները, պրինտերը, արվեստի կոնցեպտուալ գործերը:

Հատկանշական է, որ գեղարվեստական ցուցանմուշների կողքին վաճառվելու է նաև երգչուհու հոգու մի մասնիկը: Ի դեպ, այս ամենին լրջություն հաղորդելու համար Գրամյսը դիմել է փաստաբաններին և հոգու սեփականատիրության մասին փաստաթուղթ կազմել:

Նշվում է, որ Գրամյսը հոգու համար հստակ գին չի որոշել: Ի սկզբանե նա ցանկացել է տասը միլիոն դոլար գին սահմանել, որպեսզի ոչ ոք այն չգնի, սակայն այժմ որոշել է աճուրդ կազմակերպել ու նախապատվությունը տալ լավագույն առաջարկին: