Չորս փոփոխություն սննդակարգում, որոնք կօգնեն ազատվել որովայնի ճարպաշերտերից

Որովայնի հատվածում ճարպաշերտերի կուտակումը գիրության ամենավտանգավոր տեսակներից մեկն է։ Սա պայմանավորված է նրանով որ, որովայնի խոռոչում կուտակված ճարպի ավելցուկները մոտ են գտնվում կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ օրգաններին, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձին, լյարդին և աղիներին։ Որքան շատ ճարպ է կուտակվում այս հատվածում, այնքան մեծ է վտանգավոր բարդությունների զարգացման հավանականությունը, ուստի հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել դրանցից։

Ինչպես գրում է Express պարբերականը, որովայնի ճարպաշերտերի մակարդակի բարձրացման դեպքում լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը բարձրանում է 10 անգամ, և հենց սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են օր առաջ ազատվել որովայնի ճարպաշերտերից։ Այս խնդրի դեմ պայքարում կարող են շատ արդյունավետ լինել վարժություններն ու ճիշտ սննդակարգը, սակայն հիանալի արդյունքի կարելի է հասնել նաև սննդակարգում որոշակի պարզ փոփոխությունների շնորհիվ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանք։

Սննդակարգը հարստացնել ապուրներով

Ապուրներն օրգանիզմին տալիս են հեղուկ ու մանրաթելեր, իսկ այս բաղադրիչներն օգնում են ավելի քիչ ուտել և ազատում են քաղցի զգացումից բավական երկար ժամանակով։ Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է ապուրներին համեմունքներ ավելացնել։ Ընդ որում՝ առավել օգտակար են կապսաիցին պարունակող համեմունքները, որոնք արագացնում են ճարպերի այրման գործընթացը։

Սննդակարգում բրոկոլի ներառել

Հետազոտությունները ցույց են տվել, որ այս բանջարեղենն օգնում է նվազեցնել որովայնի ճարպաշերտերը։ Սա պայմանավորված է նրանով, որ բրոկոլին պարունակում է սուլֆարոֆան՝ նյութ, որը ճարպերի փոխանակությունը խթանող արդյունավետ միջոց է։

Պարբերաբար յոգուրտ ուտել

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամեն օր յոգուրտ օգտագործող կանայք երկու անգամ շատ քաշ են կորցնում, քան այն կանայք, որոնք չեն օգտագործում պրոբիոտիկներով հարուստ այս մթերքը։ Պրոբիոտիկները կենդանի միկրոօրգանիզմներ են, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար։ Դրանք բարելավում են մարսողությունը, նպաստում են արտամկանի առողջացմանն ու բարելավում են իմունային գործառույթները։ Բացի այդ, յոգուրտը պարունակում է Lactobacillus ընտանիքին պատկանող որոշակի շտամեր, որոնք օգնում են նվազեցնել ճարպային պաշարները։

Վարսակի շիլա ուտել

Ամբողջահատիկ վարսակից պատրաստված շիլան պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և ունի բավական ցածր կալորիականությունը։ Այս մթերքի յուրացման համար բավական շատ ժամանակ ու էներգիա է հարկավոր, ինչի շնորհիվ որովայնի ճարպերն ավելի արագ են այրվում։