Բարդություններ եղել են․ Վլադիմիր Պողոսյանը՝ կարանտինի ընթացքում նկարահանված նոր տեսահոլովակի մասին

Վլադիմիր Պողոսյանը երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Հավանել եմ» երգի հիման վրա։ Թե՛ երաժշտության, թե՛ խոսքերի հեղինակը Վլադիմիրն է։ Ռիթմիկ և ուրախ տեսահոլովակը ստանալու համար երգիչը համագործակցել է «Ամարաս» պարային համույթի հետ, իսկ հագուստի ընտրության հարցում նրան օգնել է ոճաբան Արայիկ Գաբաջյանը։
Showbiz.am կայքի հետ զրույցում երգիչը պատմում է, որ երգը պատրաստ էր դեռ հունվարից։ Մի փոքր մտածելուց հետո Վլադիմիրը որոշեց, որ երգի հիման վրա անպայման պետք է տեսահոլովակ նկարահանել։ Իհարկե, կարանտինը խառնեց նրա բոլոր ծրագրերը։

«Այս տեսահոլովակը պետք է նկարահանեինք մարտի 18-ին, սակայն մարտի 16-ից խստացվեց ամեն ինչ, և ստիպված հետաձգեցինք։ Ամեն ինչ պատրաստ էր, ու ես օրերն էի հաշվում՝ երբ ենք, վերջապես, նկարահանելու։
Բարդությունն այն էր, որ բոլորին նախօրոք հարցրել էինք՝ առո՞ղջ են արդյոք, հետևե՞լ են կարանտինի կանոնները, թե ոչ․ բոլորը եկան ջերմաչափված և ախտահանիչ նյութերով»,- հիշում է Վլադիմիրը։

Սակայն այս տեսահոլովակը միակ անակնկալը չէ, մոտ ժամանակներս երգիչը կրկին կուրախացնի իր երկրպագուներին նորությամբ։
«Պետք է աշխատեմ իմ նոր երգի տեսահոլովակի վրա։ Իհարկե, այդ հարցում ինձ միշտ օգնում է իմ մտերիմ ընկերը, Երջի Իվանյանը, ով նաև իմ տեսահոլովակների ռեժիսորն է․ առանց նրա մտահաղացումների և օգնության ես ոչինչ չեմ հասցնի»,-խոստովանում է երգիչը։

Երգիչն ինքնամեկուսացման ընթացքում ստեղծագործում է և փորձում է թեթև անցկացնել իր օրերը։ Վարակից պաշտպանվելու և իր իմունիտետը բարձրացնելու համար նա ամեն օր կիտրոնով և կոճապղպեղով թեյ է խմում։
Մտածելով կարանտինային ռեժիմի թերությունների և առավելությունների մասին՝ Վլադիմիրը նշում է․ «Թերությունները շատ են, և կարծում եմ՝ սթրեսային, այդ պատճառով, փորձում եմ այլ տեսանկյունից նայել խնդրին իմ սոցիալական կայքերում միշտ տեղադրում եմ հումորային նյութեր, իսկ կարանտինի միակ առավելությունն այն է, որ ընտանիքիս հետ երկար ժամանակ եմ անցկացնում և հարազատներիս կողքին եմ ամեն օր»։

Խոսելով կարանտինի մասին՝ Վլադիմիրը հավատանցում է, որ բոլորից շատ համավարակի հետևանքով հենց ինքն է տուժել։
«Ես անտանելի ծախսող եմ, կարանտինն ինձ, երևի, ամենաշատն է վնասել։ Կարանտինը մեզ գարուն է պարտք և երկու ամսվա աշխատավարձ․ ես կարոտել եմ առաջվա կյանքի ռիթմին ու վստահ եմ՝ շատ շուտով ամեն ինչ առաջվա պես կլինի, իսկ կենցաղային ծախսերում ինձ օգնում է ընտանիքս, դե ես էլ պարտք մնացող չեմ։ Փառք Աստծուն, ամեն ինչ կկարգավորվի շատ շուտով, վստահ եմ:
Դժվար է, բայց սա էլ կհաղթահարենք, առողջ ու լավատես եղեք»,- եզրափակում է իր խոսքը երգիչը։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան