«Ամբողջ մարմինս այնպես էր ցավում, ասես ինձ մահակներով ծեծել էին». հումորիստ Ելենա Վորոբեյը կորոնավիրուսով է վարակվել

ՌԴ դերասանուհի, հումորիստ Ելենա Վորոբեյն իր ինստագրամյան էջում երկրպագուներին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով է վարակվել․ 52-ամյա աստղը հիվանդությունը բավականին ծանր է տանում։

«Այնուամենայնիվ, վարակվեցի։ Երեք օր առաջ եմ այդ մասին իմացել։ Չհամարձակվեցի միանգամից հրապարակում անել, քանի որ վախենում էի։ Առաջին հերթին չգիտեի, թե հայրս ինչպես դա կընդուներ, սրտային հիվանդություն ունի, շատ զգացմունքային մարդ է… Երկրորդ հերթին՝ մտածեցի, որ բոլորին զզվելու աստիճան հոգնեցրել է այս վիրուսը, ես էլ իմ հերթին հիշեցնեմ դրա իրական գոյության մասին, ինչի՞ համար։ Չէ՞ որ ես էլ շատերի պես ցանկանում եմ թերթել այս էջը։ Բայցևայնպես որոշեցի տեղադրել այս տեսանյութը, որպեսզի աջակցեմ այն մարդկանց, որոնք այժմ նույն իմ իրավիճակում են, տագնապի վիճակում, երբ հիվանդության ախտանշանները սրվում են, իսկ դու չգիտես՝ ում զանգել ու ինչ անել»,- հրապարակված տեսանյութին կից գրել է դերասանուհին և շնորհակալություն հայտնել բոլորին իր կողքին լինելու համար։

Հումորիստը նշել է նաև, որ իր օրգանիզմը բավականին դժվարությամբ է պայքարում վիրուսի դեմ։

«Երկրորդ օրը շատ դաժան էր․ մեջքս սարսափելի ցավում էր, գիշերը մկանացավից չէի կարողանում քնել: Ամբողջ մարմինս այնպես էր ցավում, ասես ինձ մահակներով ծեծել էին»,- պատմել է Վորոբեյը և հավելել, որ իրեն այժմ ավելի լավ է զգում, սակայն վիճակը դեռ կայուն անվանել չի կարելի։