Ինչպե՞ս է Ալեքսանդր Արզումանյանը համատեղում դպրոցն ու կարիերան

Մկրտիչ Արզումանյանի որդին՝ Ալեքսանդր Արզումանյանը, ով ևս, որոշել է ընտրել դերասանի մասնագիտությունը, ֆեյսբուքի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել և շնորհավորել երեխաների տոնը։
Լուսանկարում Ալեքսանդրը հոր հետ է։
«Շնորհավոր Հունիսի 1»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Ալեքսանդրը։
Նշենք, որ հայտնի դերասանն ու իր որդին արդեն հասցրել են մի քանի նախագծում համատեղ նկարահանվել, իսկ հանդիսատեսն ու հեռուստադիտողը նրանց շատ ջերմ ու սիրով է ընդունել։
Ալեքսանդր Արզումանյանը Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է, թե ինչպես է կարողանում համատեղել դպրոցն ու կարիերան։


Առաջին անգամ տեսախցիկի առաջ։

Առաջին անգամ նկարահանվել եմ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում, որտեղ մարմնավորում էի Աղասիկի մանկության կերպարը։ Քանի որ ես այդ ժամանակ 8 տարեկան էի, չէի էլ պատկերացնում, թե ինչ է հայտնի լինելը, ինչ մտավախություններ կարող են լինել…Ինձ միայն գրավում էր այն միտքը, որ ես հայրիկիս հետ միասին ինչ-որ գործ եմ անում ու գտնվում եմ նկարահանման «կախարդական» հրապարակում։

Հայտնիությունը սկզբնական շրջանում։
Իհարկե, դժվար է լինել բոլորի ուշադրության կենտրոնում, քանի որ բոլորին հետաքրքրում է քո նիստուկացը։ Այդ պատճառով դու պետք է լինես զգոն, ուշադիր՝ ցանկացած ասածդ խոսքի և գործողությունների համար։ Կարծում եմ՝ չեմ տառապում աստղային հիվանդությամբ, հետևաբար, չգիտեմ՝ ինչից պետք է զգուշանալ։ Աստղայինը չգիտեմ, բայց COVID-19-ից զգուշանալու ձևերն արդեն անգիր եմ արել։

Ստեղծագործական դադարի պատճառը։
Ես չեմ կարծում, որ պետք է միշտ լինեմ հեռուստաէկրաններին։ Ես մասնակցել եմ մի քանի նախագծերում, որոնք նկարահանվել են ամառային արձակուրդների ժամանակ և դրանք չեն խանգարել իմ ուսմանը։ Դադարը պայմանավորված է դրանով։
Շատ ուրախ եմ, որ հեռուստադիտողը ինձ տեսավ, կարծում եմ սիրեց և կցանկանա ինձ նորից տեսնել այլ նախագծերում։

Դպրոցն ու կարիերան։
Ես շատ ուրախ եմ, որ սովորում եմ մի դպրոցում, որտեղ բոլոր աշակերտները հավասար են, ստանում են հավասար ուշադրություն թե՛ ուսուցիչների, թե՛ այլ աշակերտների կողմից։
Ես ինձ երբեք արտոնյալ չեմ զգացել։ Ինչ վերաբերում է դասերին, ապա իմ դերասանական տարերքի պատճառով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին ինձնից շատ ավելին է պահանջում։ Ես փորձում եմ արդարացնել սպասելիքները։

Առաջին ստեղծագործական նվերը ծնողներին։
Երբ սովորում էինք 4-րդ դասարանում,  «Ծաղկուն պարտեզ» հեքիաթն անցնելուց հետո, դասարանցիներով որոշեցինք էկրանավորել հեքիաթը։ Նկարահանեցինք հեռախոսով, մոնտաժեցի տանը, պատրաստեցինք պոստերներ և տոմսեր, իսկ ծնողների դատին հանձնեցինք ինֆորմատիկայի դասասենյակում՝ պրոյեկտորի միջոցով։ Իհարկե, հիմա, երբ նայում եմ, հասկանում եմ, որ այն շատ ծիծաղելի, 4 րոպեանոց թերություններով լի «ֆիլմ» էր։ Բայց ծնողները չհասկացանք, թե ինչու ուրախ և երջանկության արցունքներով դուրս եկան դասասենյակից։

Ապագա ծրագրերը՝ մասնագիտություն ընտրելու հարցում
Քանի որ և՛ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի, և՛ «Պանարմենիան մեդիա դպրոց»-ի թատերական խմբակներում եմ ընդգրկված, ես առայժմ միայն դերասանական հմտությունների մասին եմ մտածում։ Այլ մասնագիտություն ընտրելու ժամանակ դեռ ունեմ։

Հաջողության բանաձևը
Հաջողության բանաձև չկա, ես ուղղակի երազում եմ, գնում եմ իմ երազանքի հետևից։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան