Ինչպե՞ս սնուցել եղունգներն ու ազատվել դրանց փխրունությունից

Գեղեցիկ, առողջ ու փայլուն եղունգներ ունենալու համար մարդիկ սովորաբար դիմում են մատնահարդարներին կամ եղունգների լաքեր ու տարատեսակ այլ խնամքի միջոցներ են օգտագործում, սակայն դրանք զուտ կոսմետիկ միջոցներ են, որոնք երկարատև գործածության դեպքում կարող են անգամ վնասակար լինել և հանգեցնել եղունգների փխրունության ու շերտազատման։

Նման տհաճ հետևանքներից խուսափելու և միաժամանակ եղունգները սնուցելու և ամրապնդելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել խնամքի բնական միջոցներ, որոնք չեն առաջացնում կողմնակի բարդություններ, հագեցնում են եղունգներն անհրաժեշտ սննդարար նյութերով և առողջ փայլ են հաղորդում։

Aif.ru կայքը ներկայացրել է նմանատիպ երկու բնական միջոց, որոնց կիրառությունը կօգնի շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել եղունգներն ու ազատվել փխրունությունից, խամրածությունից ու շերտազատումից։

1:1 հարաբերակցությամբ խառնել խնձորի քացախն ու կիտրոնի թարմ հյութը, այնուհետև եղունգներն ընկղմել այդ խառնուրդի մեջ և թողնել 10 րոպե։ Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է լվացվել և սնուցող նրբաքսուք քսել։

1 թեյի գդալ ծովի աղն ավելացնել մի փոքր տաքացրած ձիթապտղի յուղին և խառնել մինչև աղը լուծվի։ Եղունգներն ընկղմել ստացված լուծույթի մեջ և թողնել 15 րոպե։