Լիլի Էլբակյանը՝ Հունիսի 1-ի օնլայն ներկայացման, երեխաների հետ առօրյայի ու սպասվելիք նախագծերի մասին

Ռեժիսոր, դերասանուհի Լիլի Էլբակյանը տնային մեկուսացումն անցկացրել է ընտանիքի հետ, օնլայն դասավանդել ու պատրաստել օնլայն ներկայացումներ փոքրիկ հանդիսատեսի համար։ Showbiz.am-ի հետ զրույցում Լիլի Էլբակյանը պատմել է երեխաների հետ բարդ ու հետաքրքիր առօրյայի, չեղարկված նախագծերի, նոր մտահաղացումների, Հունիսի մեկի համար կազմակերպված օնլայն ներկայացման ու այլ թեմաների մասին։ Նա նաև մեզ է տրամադրել Խամաճիկների թատրոնի համար տարվող աշխատանքների ընթացքում արված լուսանկարները։

 

– Ինչպե՞ս է անցել Ձեր առօրյան ինքնամեկուսացման պայմաններում։

– Առաջին ամիսը տանն էինք, աշխատում էինք տնից դուրս չգալ, հետևում էինք բոլոր կանոններին։ Աղջիկս դպրոցի օնլայն դասերին էր մասնակցում, ես էլ օնլայն դասավանդման տարբերակով էի աշխատում, քանի որ դասավանդում եմ Մանկավարժական համալսարանում և ավարտող կուրսի հետ էին դասերս։ Տանն էի, բայց աշխատում էի, քանի որ իմ կուրսն ավարտական կուրս էր, շատ ժամանակ էի տրամադրում դասախոսոություններ կարդալուն և նրանց ավարտական դիպլոմային աշխատանքներին։ Բացի դա, փորձում էինք «Էդգար էլբակյան» թատրոնի ու Խամաճիկների թատրոնի հետ օնլայն նախագծեր իրականացնել։ Նախ անընդհատ կազմակերպում ենք մեր լավագույն ներկայացումների օնլայն ցուցադրությունները, նաև աշխատում էի իմ հետագա պլանների վրա, պիեսների վրա՝ հասկանալու համար, թե ինչ եմ բեմադրելու, ինչ ներկայացումներ են սպասվում, այդպես էլ՝ կեսն աշխատանքային, կեսը տնային, անցավ այդ ընթացքը, քանի որ երեխաներս նույնպես ողջ ընթացքում տանն են։ Այս ընթացքում լավ ֆիլմեր նայեցի, շատ հետաքրքիր գրքեր հասցրեցի կարդալ ու շատ ուրախ եմ, որ դրանք կարդալու առիթ եղավ, որովհետև միշտ զբաղված ես, կարդում ես այն ինչ աշխատանքի համար է պետք ու չես հասցնում կարդալ այն, ինչ ուզում ես։

– Դժվար չէ արդյ՞ոք անդադար տանը գտնվել երկու երեխաների հետ: Ինչպե՞ս եք կարողացել լցնել նրանց օրը, որպեսզի չձանձրանան:

– Իրականում շատ բարդ է, որովհետև պետք է օրդ այնպես կազմակերպես, որ իրենց համար լաիրժեք ու հետաքրքիր անցնի։ Փորձում էինք նրանց օրը հետաքրքիր դարձնել տան պատերի ներսում, աշխատում էինք նոր խաղեր հորինել, նոր ու հետաքրքիր գրքեր ու պատմություններ կարդալ։ Իրականում բարդ է, որովհետև երեխաներս դայակ ունեն, դպրոց, մանկապրտեզ և դասապատրաստման էին հաճախում ու ես իրենց հետ սովորաբար երեկոյան ժամը վեցից հետո էի անցկացնում, եթե տանն էի ու երբ փորձերի ու ներկայացումների չէի լինում։ Այսպես շատ անսովոր էր, և կարծես՝ փոքրիկ փորձություն էր, որովհետև օգնող միայն մայրիկս էր, որ կողքիս էր այս ընթացքում: Նա կողքի շենքում է ապրում և այս ընթացքում ինձ շատ էր օգնում։ Բայց ամեն դեպքում չորս պատի մեջ մեկուսացած լինելը, երեխաներին զբաղեցնելն ու հավասարակշռությունդ պահելը շատ բարդ է։

– Ինչպե՞ս եք գնահատում մարդկանց վերաբերմունքն ու քաղաքացիական պատասխանատվության աստիճանը։

– Կարծում եմ, որ տնային մեկուսացումը պետք էր մի քիչ ավելի շուտ կազմակերպել, բայց հիմա էլ ես կուզենայի, որ այդ սահմանափակումները կրկին գործեին, որ գոնե վարակի այսքան մեծ թափը կոտրվեր, և հիվանդանոցներում տեղեր լինեն, որպեսզի այն մարդիկ, որոնք արդեն վարակվել են ու իսկապես օգնության կարիք ունեն, ստանան պատշաճ օգնություն։ Հետո մեր ժողովուրդը էյֆորիկ բնավորություն ունի՝ կարող է էյֆորիկ կերպով տանը մնալ ու նույն կերպ էլ դուրս գալ տնից ու ամեն ինչ մոռանալ, իրեն նորից ամեն ինչ թույլ տալ։ Ընդհանրապես մարդու հիշողությունը շատ կարճ է, օրինակ երբ նրան ասում են որ ինքն ազատ է, նա միանգամից կմոռանա, որ պետք է ձեռնոց հագնի, դիմակ կրի։ Բայց չէ՞ որ մենք բոլորս իրար առաջ, մեր ծնողների ու երեխաների առաջ պատասխանատու ենք, ու չեմ կարծում, որ մեր փոքրիկ հաճույքի կամ ցանկության համար արժե վտանգի ենթարկել բոլորին։ Թվերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ մեկուսացումը մեզ պետք էր ու նույնիսկ կարճ էր։ Շատ եմ լսում կարծիքներ, մանավանդ հեռու շրջաններում բնակվող մարդկանցից, որ կորոնավիրուս չկա, մահեր չկան ու սա հորինված ֆարս է։ Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուը պետք է որ ունենա մեկ ծանոթ կամ բարեկամ, ով վարակվել է կորոնավիրուսով, ես ինքս ունեմ ծանոթներ, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուսը։ Վիճակն իրոք որ լուրջ է, ու դրան անլուրջ վերաբերվելով՝ մենք իրար ենք վնասում, մեզ թույլ ենք տալիս ամեն ինչ ու չենք հասկանում, որ հենց այդպիսի խոսքերով էլ կարող ենք նպաստել վարակի տարածմանը։ Ես գիտեմ մարդկանց, որոնք ասում էին, որ կորոնավիրուս չկա, բայց հիմա հիվանդ են։ Աստված չանի, որ դա որևէ մեկիս հետ պատահի։

– Տանը մնալու ընթացքում, ինչ-որ նոր զբաղմուքներ գտե՞լ եք։

– Ես երևի ամեն ինչ փորձել եմ, համենայն դեպս արվեսի ոլորտում։ Սկսել եմ ավելի շատ պատրաստել ու ասեմ, որ ըստ իս, ինձ մոտ դա վատ է ստացվում, բոլորը գոհ են, բացի ինձնից։ Իմ պատրաստած կերակուրներում միշտ ինչ-որ բան ինձ դուր չի գալիս։ Քանի որ մայրիկս շատ համեղ է պատրաստում, ես իմ պատրաստածները համեմատում եմ իր կերակուրների հետ ու դժգոհ եմ մնում ինձնից։ Բայց շատ լավ է, որ այս ընթացքում մարդիկ սկսեցին նոր զբաղմունքներ գտնել ու ստեղծագործել, և իրոք, երբ տանն ես մնում, ստեղծագործական ոգին բարձրանում է։ Ես ինձ նմանեցնում եմ շատ կերակուրներ կերած մարդու, ոչ թե իսկական կերակուր, այլ հոգևոր սնունդ ընդունած ու երբ այդ հոգևոր սնունդը քո ներսում հավաքվում է, ուզում ես ինչ-որ կերպ ինքնաարտահայտվել։ Միշտ գրել եմ երգեր, միշտ ստեղծագործել եմ, բայց այս շրջանում ավելի շատ եմ ստեղծագործում, որովհետև նախ հնարավորություն և առիթ է ընձեռնվել և հետո, կարծես ափսոսում ես չօգտագործել այս փակված վիճակը։ Ուրիշ ժամանակ, գուցե մեկ ամիս տանը մնաս ու ոչինչ չանես, բայց հիմա դա կարծես ենթագիտակցաբար է մարդու հետ տեղի ունենում, քանի որ մտածում ես, քանի որ փակված ես տանը, ուրեմն ինչ-որ գործ պետք է անես։ Ստեղծագործելը հրաշալի ու արարող հատկություն է, որ Աստված է մարդու մեջ դրել, որ մեզանից յուրաքանչյուրը կարողանա ինչ-որ բան արարել, քանի որ մենք դրա կարիքն ունենք։

– Խամաճիկների թատրոնի աշխատանքները ևս դադարեցին, բայց Դուք գտաք այլընտրանքային տարբերակ` օնլայն ներկայացում: Մի փոքր կպատմե՞ք այդ մասին:

– Հունիսի մեկին կունենանք օնլայն պրեմիերա «Երեխաները երեխաների համար»։ Իմ աղջիկն ու տղան էլ են խաղում այդ ներկայացման մեջ։ Այն բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Ռիմա Հովեյանը, ում անցած տարի էինք հրավիրել ու այդ ներկայացումն ընդամենը մի քանի անգամ են խաղացել՝ երևի 4-5 ներկայացում, պատրաստվում էին խաղալ գարնանը, բայց կորոնավիրուսի ի հայտ գալու պատճառով չստացվեց։ Որոշեցինք նվեր անել մեր փոքրիկ հանդիսատեսին ու օնլայն ցուցադրել այդ ներկայացումը, նաև Էդգար Էլբակյանի ներկայացումներից՝ «Տերը», «Ուշացած թռչունը», որ շատ են տեսել, բայց շատ էին հարցնում դրա մասին, կրկին օնլայն ցուցադրեցինք։ Աշխատում ենք անընդհատ փոքրիկ նախագծեր անել։ Ասեմ, որ Խամաճիկների թատրոնը շատ հետաքրքիր նախագիծ ունի հիմա, մեզ անդընդհատ զանգում են, ու մենք փորձում ենք բոլորին ընդառաջել։ Դա դասարանների հետ օնլայն թատերական դասաժամերի անցկացումն է։ Դրանք անցնկացնում են տարբեր մասնագետներ՝ մեր երգերի կոմպոզիտորը, ես նույնպես ու ներկայացնում եմ, թե ինչ է տիկնիկը, տիկնիկավարությունը, ինչպես է ստեղծվում ներկայացումը, ինչ են ռեժիսորի ու դերասանի մասնագիտությունները, ինչ է թատրոնը։ Պետք է ունենանք հանդիպում քանդակագործի հետ, ունեցել ենք հրաշալի հանդիպում մեր դերասանների ու տիկնիկների հետ։ Ես ընթերցել եմ Միսաք Մեծարենցի ստեղծագործություններից, հիմա պատրաստվում է աղջիկս Կոմիստաս կարդալ, տղաս էլ փոքրիկ մասնակցություն ունի դրանում։ Մեր դերասանները՝ Հրանուշ Չիչակյանը, Հակոբ Հակոբյանը, Դավիթ Գասպարյանը, հերթով, փոքրիկ խմբերով հավաքվելով, դիմակներով, որպեսզի միմյանց չվարակենք, հավքավում ենք ու փոքրիկ նկարահանումներ անում ու պատրաստում այդ տեսանյութերը։ Մինչև Սևանի փակվելը հասցրեցինք, անվտանգության կանոններին հետևելով, նաև այնտեղ փոքրիկ նկարահանում իրականացնել։ Խամաճիկների թատրոնում մենք ունենք բացօդյա մի հրաշալի ներկայացում՝ «Երևյանյան տրամվայը», ու մեր տրամվայը հենց թատրոնի դիմաց մեր տոմսարկղն է, որը բացվում է ու դառնում բեմ։ Դիմացի հատվածում քիչ քանակով նստարաններ են դրվում, և մենք բացօդյա խաղում ենք ներկայացումը։ Հիմա մենք այդ հարթակը որոշել ենք օգտագործել ու բացօդյա ներկայացումների շարք անել։ Սպասում ենք պարետի որոշմանը, բայց նպատակ ունենք դեռ որոշ ժամանակով ներկայացումները բացօդյա դարձնել, որպեսզի թատրոնը կարողանա աշխատել։

– Բացի ռեժիսորական աշխատանքները, որպես դերասանուհի, եղե՞լ են այս իրավիճակի պատճառով Ձեր մասնակցությամբ չեղարկված հեռուստատեսային նախագծեր կամ ներկայացումներ։

– Ճիշտն ասած, կային առաջարկներ, որոնք չեղարկվեցին։ Չեմ կարող այդ առաջարկների անունները տալ ու մանրամասնել, որովհետև դրա իրավունքը չունեմ, քանզի չգիտեմ դրանք հետո կշարունակվեն, թե՞ ոչ։ Թե՛ նկարահանման, թե՛ ներկայացումների աշխատանքները դադարեցված են։ Խամաճիկների թատրոնում ունեի մեծ մյուզիքլի ծրագիր, որն այժմ ևս կանգ է առել, սպասում ենք, որպեսզի հասկանանք, թե երբ դա կարող ենք իրագործել։ Մոնոներկայացման գաղափար ունեմ, որը դեռ խմորման փուլում է, բայց արդեն գաղափարը կա, պիեսը կա, ռեժիսորը կա, մնում է հասկանանք՝ կարողանու՞մ ենք փորձերն անել ու այդ ամենն իրագործել։ Այդ ներկայացումը և՛ մոնո է, և՛ ինչ-որ չափով ոչ։ Կան ներկայացումներ, որ ամբողջովին մոնո են, իսկ սա իր մեջ գաղտնիք ունի, որը չեմ ուզում բացահայտել։

– Ի՞նչ եք պլանավորում անել կարանտինի ավարտից հետո:

– Կարանտինի ավարտից հետո առաջինը կգնամ թատրոն։ Այս տարի շատ ծրագրեր ունեի, որովհետև գալիս է մի տարիք, երբ հասկանում ես որ հիմա պետք է անես տվյալ քայլերը, որովհետև հենց հիմա ունես դա իրագործելու ուժն ու ժամանակը, բայց այնպես ստացվեց, որ ամեն ինչ կարծես կանգ առավ։ Կարծում եմ, սա պատահականություն չէր, այլ վերագնահատելու մի շրջան է, որ մենք հասկանանք, թե մեզ համար ինչն է կարևոր և ինչը երկրորդական։ Ես հումորով ասում եմ, որ պարզվեց բոլոր մասնագիտություններից միայն բժշկի մասնագիտությունն է իրական մասնագիտություն։ Բայց թատրոնն էլ կա ու չի կարող մեռնել, որովհետև այդպես բացօդյա կամ օնլայն հարթակներում մարդիկ կստեղծագործեն, կսկսեն խաղալ ու դա ի վերջո նորից կվերածվի թատրոնի։ Երազում եմ, որ թատրոնները բացվեն, բոլորս սկսենք աշխատել ու նոր ներկայացումներ բեմադրել, լավ ու որակով բաներ մատուցենք հանդիսատեսին։ Չեմ ցանկանում ոչ մեկի վիրավորել, բայց չեմ ուզում, որ եթե կրկին տանը երկար մնալու հանգամանքներ ստեղծվեն, մենք ստիպված լինենք անորակ հաղորդումներ կամ նախագծեր նայելով անցկացնել մեր ժամանակը։ Թող ամեն մեկն իր ոլորտի համար լինի պատասխանատու, եթե բժիշկ է, ապա իր ոլորտում լինի, եթե արվեստագետ է՝ իր, և ամեն մեկս մեր ոլորտում փորձենք անել լավագույնը։ Ես ամեն օր աղոթում եմ մեր հայ ժողովրդի համար և Աստծուց միայն առողջություն եմ խնդրում։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան