Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը հունվար-մայիս ամիսներին նվազել է 31,48 միլիարդ դոլարով

2020 թվականի հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է 31,48 միլիարդ դոլարով, հաշվարկել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հիմք ընդունելով Bloomberg Billionaires Index (BBI) միլիարդատերերի վարկանշային ցանկի տվյալները։

Աղբյուրը մանրամասնում է, որ ամենամեծ կորուստներն ունեցել են «Նովատեկ» ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնը և Գենադի Տիմչենկոն («Նովատեկ» և «Սիբուր» ընկերությունների բաժնետեր)։

Նշվում է, որ ցուցիչը հաշվարկվում է՝ հիմնվելով այն ընկերությունների արժեթղթերի արժողության վրա, որոնցում միլիարդատերերը մասնաբաժին ունեն։ Որոշ ընկերությունների դեպքում հաշվարկն իրականացվում է՝ հիմնվելով EBITDA-ի նկատմամբ ընկերության կապիտալիզացիայի կամ արժեթղթերի գնի՝ մեկ արժեթղթի շահույթի հարաբերակցության վրա։ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանշային ցուցակն ընդհանուր ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց, որոնց թվում ներկայում 24 ռուսաստանցի կա։

«Նորնիկել» ընկերության հիմնական սեփականատերերից մեկի՝ Վլադիմիր Պոտանինի կարողությունը տարեսկզբի համեմատությամբ ավելացել է 317 միլիոն դոլարով՝ հասնելով 28,4 միլիարդի։ Այսպիսով՝ նա Bloomberg-ի միլիարդատերերի վարկանշային ցուցակում շարունակում է մնալ ռուսաստանցիների մեջ ամենահարուստ մարդը։

Երկրորդ տեղում է «Նովատեկ» ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնը, որն այդ նույն ընթացքում 5,74 միլիարդ դոլար է կորցրել (կապիտալն ընդհանուր նվազել է մինչև 18,8 միլիարդ դոլար)։

Առաջին հինգ ամիսների ցուցանիշով երրորդ տեղում НЛМК առաջնային շահառու Վլադիմիր Լիսինն է, որի կարողությունը նվազել է 3,11 միլիարդ դոլարով (մինչև 18,3 միլիարդ): Չորրորդ տեղում «Սևերստալ» ընկերության հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովն է, որի կապիտալը նվազել է 2,45 միլիարդ դոլարով՝ հասնելով մինչև 17,5 միլիարդ դոլարի: