Կարանտինը խախտած և երեկույթի մասնակցած Բելգիայի արքայազնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ II-ի թոռան և ներկայիս թագավոր Ֆիլիպի զարմիկի` արքայազն Իոախիմի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, գրում է mirror.co-ն։

Հաղորդվում է, որ Իոախիմ արքայազնը խախտել է կարանտինը և Իսպանիա մեկնել, ինչը Իսպանիայի իշխանությունները «անպատասխանատվություն» են որակել։

Իսպանական El Pais թերթի տվյալներով՝ 28-ամյա արքայազնը Կորդովա քաղաքում կայացած մասնավոր երեկույթի 27 հյուրերից մեկն է եղել, մինչդեռ Իսպանիայում կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումների համաձայն՝ թույլատրվում է առավելագույնը 15 հոգանոց հավաքները։

Իսպանիայի ոստիկանությունը հաղորդել է, որ երեկույթի բոլոր մասնակիցները կարանտինում են։ Հայտնի չէ՝ արդյոք արքայազնը վարակվել է իր երկրում, թե Իսպանիայում գտնվելու ժամանակ: Հաղորդվում է, որ նա թեթև ախտանշաններ ունի։