Աստղերի փոխարեն հասարակ մարդիկ. Vogue-ի հուլիսյան համարի շապիկին հայտնվել են համավարակի ժամանակ առաջնագծում աշխատող մարդիկ (լուսանկարներ)

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ առաջնագծում աշխատող մարդկանց նշանավորելու համար ամերիկյան Vogue ամսագրի բրիտանական մասնաճյուղի հուլիսյան համարի շապիկը զարդարել են երեք առանցքային աշխատողներ, գրում է Daily Mail-ը։

Հուլիսյան համարի թողարկման գլխավոր հերոսուհիներն են՝ Լոնդոնում գնացքավար Նարգիս Հորսֆորդը, մանկաբարձուհի Ռեյչել Միլլարը և King’s Cross սուպերմարկետի աշխատակցուհի Անիսա Օմարը։

Հորսֆորդն արդեն 10 տարի որպես գնացքավար է աշխատում, և նրա խոսքով՝ այժմ, առավել քան երբևէ, զգում է ուղևորների սերն ու հարգանքը:

«Համավարակի ամբողջ ընթացքում համայնքը տոգորվել է բարությամբ և միասնականությամբ։ Հիմա մարդիկ սկսել են ավելի շատ ժպտալ ինձ և նույնիսկ ոմանցից երախտագիտության խոսքեր եմ լսում»,- հայտնել է Հորսֆորդը։

Նորաձևության ամենահայտնի ամսագրի մյուս հերոսուհին՝ Ռեյչել Միլլարը, որոշել է այս ընթացքում իր ընտանիքից հեռու մնալ և ամբողջովին նվիրվել իր մասնագիտական պարտականությունների կատարմանը։

«Համավարակը մեզ ցույց տվեց, որ կյանքը կարճ է։ Եվ ես չեմ կարող պատկերացնել, որ կարող էի ուրիշ գործով զբաղվել»,- ասել է նա:

King’s Cross սուպերմարկետի աշխատակցուհի Անիսա Օմարը, ինչպես նախորդ հերոսուհին, զգում է, որ այժմ հաճախորդները հարգանքով և կարեկցանքով են վերաբերվում իրենց։

«Մինչ համավարակը մարդիկ մեզ վերաբերվում էին որպես օգնականների, բայց հիմա ավելի շատ կարեկցանք եմ տեսնում։ Նրանք հասկանում են, որ մենք ամբողջ ընթացքում այս պայմաններում ենք աշխատում։ Մարդիկ ավելի սիրալիր ու բարեհամբույր են դարձել»,- ասել է նա։