Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպառնում են դատի տալ նախկին թիկնապահին (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը և ամուսինը՝ հայտնի ռեփ կատարող Քանյե Ուեսթը, սպառնում են դատի տալ ռեփերի նախկին թիկնապահին, գրում է Daily Mail-ը։

Զույգը նամակ է ուղարկել նախկին թիկնապահ Սթիվ Սթենուլիսին՝ Hollywood Raw Podcast-ին վերջերս տված հարցազրույցից հետո՝ նրան մեղադրելով գաղտնիության մասին համաձայնագրի խախտման, ինչպես նաև «կեղծ և զրպարտիչ» հայտարարությունների համար:

TMZ-ի ձեռք բերած փաստաթղթերի համաձայն՝ նախկին թիկնապահը համաձայնագիրը ստորագրել է 2016 թվականի փետրվարին, որով արգելվում է Քիմի և Քանյեի մասին որևէ անձնական կամ գործարար տեղեկություն հաղորդել։

Նամակում չի հստակեցվել, թե Սթիվ Սթենուլիսի արտահայտություններից որոնք են կեղծ և զրպարտիչ եղել, սակայն զույգը սպառնում է նրա դեմ առնվազն 10 մլն դոլարի հայց ներկայացնել համաձայնագրի խախտման համար, եթե ապագայում կրկնի միևնույն սխալը։

Սթիվ Սթենուլիսն այժմ աշխատում է որպես դերասան։ Նրա խոսնակը հերքում է բոլոր մեղադրանքները։

Սթենուլիսը հարցազրույցում խոսել էր Քանյե Ուեսթի պարտադրած «անհեթեթ կանոնների» մասին,  որոնք, նրա խոսքով, բարդացրել են իր աշխատանքը։