Սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն խթանել մազերի աճը

Փարթամ, երկար ու առողջ վարսեր ունենալու մասին շատերն են երազում, սակայն ոչ բոլորն են հետևում իրենց կենսակերպին ու սննդակարգին՝ հաշվի չառնելով, որ մազերի աճն ու առողջությունը կախված են առողջ սննդակարգից ու ճիշտ խնամքից։ Այս հարցում շատ կարևոր դեր են խաղում նաև գենետիկ նախատրամադրվածությունն ու մարդու տարիքը, սակայն այնուամենայնիվ շատ հաճախ սննդակարգում փոփոխություններ անելն օգնում է զգալի արդյունքի հասնել:

Մասնագետների խոսքով՝ մազերի ակտիվ աճի համար հարկավոր է առաջին հերթին ապահովել օրգանիզմն անհրաժեշտ հանքանյութերով՝ յոդով, ծծումբով, մագնեզիումով, ցինկով, կալիումով և այլ տարրերով, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ տարրերով հարուստ սննդամթերքի տեսակներ, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում։

Կանաչ տերևավոր բանջարեղեն

Բրոկոլին, կաղամբը, հազարը, սպանախն ու կանաչ տերևավոր բանջարեղենի այլ տեսակները հարուստ են երկաթով, որն օգնում է էրիթրոցիտներին թթվածին մատակարարել օրգանիզմի տարբեր հյուսվածքներին, այդ թվում նաև մազարմատներին։ Բացի այդ, երկաթն օգնում է հյուսվածքներին մատակարարել նաև այլ օգտակար նյութեր, որոնք նույնպես շատ կարևոր են։

Ցիտրուսային մրգեր ու հատապտուղներ

Ցիտրուսային մրգերն ու հատապտուղները հարուստ են մեծ քանակությամբ հակաօքսիքանտներով, որոնք պաշտպանում են ազատ ռադիկալներից։ Օրինակ՝ ելակը հարուստ է վիտամին С-ով, որն օգնում է ավելի լավ յուրացնել երկաթն ու նպաստում է կոլագենի արտադրությանը։ Բացի այդ, այս գործընթացի վրա դրական ազդեցություն կարող են ունենալ նաև ցիտրուսային մրգերը։

Ընկույզներ ու սերմեր

Թեթև քաղցն արագ հագեցնելու համար մարդիկ սովորաբար գերադասում են բուտերբրոդներ ու սենդվիչներ ուտել, սակայն նման մթերքը հունական ընկույզով կամ նուշով փոխարինելու դեպքում կարելի է ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև տալ օրգանիզմին օգտակար սննդարար նյութեր։ Ընկույզներն ու սերմերը հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նպաստում են մազերի աճին ու բարելավում են դրանց որակը։

Հավկիթ

Մարդու վարսերը բաղկացած են կերատին սպիտակուցից, ուստի զարմանալի չէ, որ դրանց աճի համար օրգանիզմին բավական սպիտակուց է հարկավոր։ Հավկիթը բիոտինի հիանալի աղբյուր է, իսկ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ տարրը նպաստում է կերատինի արտադրմանը։