Արքայազն Հարրիի նախկին ընկերուհին խոսել է արքայազնից բաժանվելուց հետո ունեցած վախերի մասին (լուսանկարներ)

Daily Telegraph թերթին տված նոր հարցազրույցում Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի նախկին ընկերուհին՝ դերասանուհի Քրեսիդա Բոնասը, խոսել է արքայազնից բաժանվելուց հետո ունեցած վախերի և դրանք հաղթահարելու մասին, գրում է Fox News-ը։

«Ես կարծում եմ, որ ավելի ինքնավստահ եմ դարձել և, բարեբախտաբար, սովորել եմ մանրուքներին ուշադրություն չդարձնել»,- պարբերականին ասել է Բոնասը:

Բոնասը հայտնել է, որ թերարժեքության բարդույթների զոհ է դարձել՝ փորձելով մշտապես կատարյալ երևալ հասարակության աչքում։

«Ձախողվելու, մերժվելու, սխալվելու և կատարյալ չլինելու վախերը, կարծում եմ, կյանքիս որոշակի իրավիճակներում ինձ սահմանափակել են»,- հավելել է նա։

Արքայազն Հարրիից բաժանմանը հաջորդած տարիներին Բոնասը խոստովանել է, որ երբեմն վախենում էր, որ այդ հարաբերությունների պատճառով նրան ամբողջ կյանքի ընթացքում կմատնանշեն որպես «փառամոլ կին»։