«Այս նախագիծը դեռ վաղուց պիտի սկսեինք»․ Ալինա Ավետիսյանը՝ նոր հեռուստասերիալային դերի և կարանտինի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի մասին

Դերասանուհի Ալինա Ավետիսյանն այժմ նկարահանվում է «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խաբկանք» հեռուստասերիալում։
ShowBiz.am-ի հետ զրույցում Ալինան կիսվեց իր հետաքրքիր առօրյայի մանրամասներով, պատմեց «Խաբկանք» հեռուստասերիալում իր ներգրավվածությունից, խոսեց իր դերի առանձնահատկություններից, դերասանական և նկարահանող անձնակազմից, ինչպես նաև անդրադարձավ կարանտինին ու իր ընտանիքին։

«Այս նախագիծը դեռ վաղուց պիտի սկսեինք, ուղղակի գործընթացը մի փոքր երկար տևեց, դրա հետ մեկտեղ նաև մեր սպասումները։ Եվ փետրվարին այն, վերջապես, մեկնարկեց, ու մենք սկսեցինք նկարահանումները։ Մեր շատ սիրելի սցենարիստ Անուշ Պետրոսյանն ինձ համար ևս կերպար էր նախատեսել՝ Վարդի կերպարը։ Եվ երբ սցենարն արդեն պատրաստ էր, ես ծանոթացա իմ կերպարի հետ, ու մենք մեկնարկեցինք նկարահանումները։ Սակայն այն կարճ տևեց, քանի որ երկրում տիրող արտակարգ իրավիճակն արգելք հանդիսացավ մեզ համար։ Նկարահանումները երկու ամիս ընդհատվեցին, սակայն հիմա մենք այն նորից վերսկսել ենք ու շարունակում ենք մեր ակտիվ աշխատանքային գործընթացը»,- պատմում է դերասանուհին։

Խոսելով իր կերպարից ու դրա առանձնհատկություններից՝ Ալինան ուշագրավ մանրամասներ է ներկայացնում․ «Ասեմ, որ բավականին հետաքրքիր կերպար է, ճիշտն ասած, ես իրեն մի փոքր դժվարությամբ գտա, նույնիսկ մինչև հիմա էլ չեմ կարողացել այն ամբողջովին բացահայտել։ Բայց կերպարիս գույնը գտել եմ և փորձում եմ այն լիարժեք ներկայացնել։ Վարդը իր զավակներին սիրող, նրանց միշտ աջակցող մայր է, ով ցանկացած պահի իր երեխաների համար կարող է լավ ընկեր լինել։ Սիրող կին և ընտանիքին հավատարիմ մայր է, ով շատ արդարամիտ է, ճշտախոս և ազնիվ։ Այս գլխավոր գծերը հասցրել եմ բացահայտել, իսկ մնացածն էլ սցենարի ընթացքից արդեն պարզ կլինի»։

Նկարահանող և դերասանական կազմի հետ դերասանուհին շատ ջերմ հարաբերություններ ունի, նրանք արդեն հասցրել են մտերիմ ընկերներ դառնալ։ «Ճիշտ է՝ նկարահանման ժամանակ աշխատանքի և ընկերության սահմանը գիտակցում ենք և ամբողջությամբ ընկղմվում ենք գործի մեջ, սակայն դրանից դուրս ես շատերի հետ մտերմիկ հարաբերություններ ունեմ։ Շատերի հետ աշխատելու փորձ դեռ վաղուց եմ ունեցել՝ դեռևս «Մեղրամիս» հեռուստանախագծից, դրանից հետո նույն անձնակազմով՝ իհարկե, որոշ փոփոխություններով, համագործակցել ենք նաև «Ընտանեկան գաղտնիքներ»-ի շրջանակներում և հիմա արդեն՝ «Խաբկանք»-ում՝ ռեժիսոր Վարշամ Սափրազյանի գլխավորությամբ»,- մանրամասնում է Ալինա Ավետիսյանը։

Երկրում տիրող իրավիճակիով և մասնավորապես՝ կարանտինիով պայմանավորված դերասանուհին իր ազատ ժամանակն անցկացնում է տանը՝ տղայի հետ միասին։ «Մենք ինքնակրթությամբ ենք զբաղվում, մշտապես իրար հետ փոխանակվում ենք ինֆորմացիայով և գիտելիքներով։ Սա իրոք լավ առիթ է կրթվելու և զարգանալու համար, քանի որ պարապուրդի մատնվել ոչ մի պարագայում չի կարելի»,- վստահեցնում է դերասանուհին։

Տան պայմաններում խնամքի և մարզումների մասին Ալինան ոչ միանշանակ վերաբերմունք ունի․ «Այս ընթացքում հասցրի հանգստանալ այդ ամեն ինչից, կարելի է ասել, էկոլոգիապես մաքրվեցի)))։  Սակայն շարունակեցի մնալ խնամված, բայց պետք է նշեմ, որ դրա հետ մեկտեղ կինը նաև պիտի ինքնավստահություն ունենա, իհարկե, ոչ անիմաստ ինքնավստահություն,  այն ևս պետք է որոշակի հիմքերի վրա ձևավորվի։ Դիմակներ երբեք չեմ օգտագործել, քանի որ մաշկի հետ կապված խնդիրներ չեմ ունեցել։ Հաճախ օղակներ եմ պտտում, որպեսզի պահպանեմ բարակ իրանս»։

Նոր ծրագրերի և պլանների մասին խոսելիս Ալինան նշեց․ «Գործնական առումով «Խաբկանք»-ն արդեն ինքնին նոր նախագիծ է, իհարկե, եթե լինեն նոր նախագծերում նկարահանվելու առաջարկներ, մեծ սիրով կհամաձայնվեմ, քանի որ ես շատ եմ սիրում իմ գործը և կարծում եմ՝ դա երջանիկ լինելու շատ մեծ չափաբաժին է»։

Ի տարբերություն շատերի՝ Ալինա Ավետիսյանն աշխատանքն ու ընտանիքը համատեղելու խնդիրներ երբեք չի ունեցել․ «Այդ առումով ինձ մոտ ամեն բան հրաշալի է։ Ես իմ 24 ժամը այնպես եմ գծագրում և բաշխում, որ օրվա ընթացքում ամեն ինչ էլ հասցնում եմ․կարողանում եմ համատեղել և՛ ընտանիքը, և՛ աշխատանքը, և՛ ես նաև երգում եմ, այնպես որ կարողանում եմ նաև դրան բավարար ժամանակ հատկացնել»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան