Վավերագրական նոր ֆիլմը բացառիկ մանրամասներ է բացահայտել Էլիզաբեթ 2-րդի կյանքից

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը մի անգամ հյուրից թաքնվել է Բուքինգհեմյան պալատի թփերի մեջ․ հյուրը Ռումինիայի նախկին ղեկավար Նիկոլաե Չաուշեսկուն է եղել։ Այս մասին պատմում է ITV Our Queen: Inside the Crown նոր վավերագրական ֆիլմը, գրում է Teller Report-ը։

Միջադեպը տեղի է ունեցել 1978 թվականին, երբ Նիկոլաե Չաուշեսկուն և նրա կինը պետական այցով ժամանել են Մեծ Բրիտանիա, թեև քաղաքական գործիչը ժողովրդականություն չի վայելել հանրության շրջանում:

Թագուհին կորգի ցեղատեսակի շանը դուրս է բերել զբոսանքի և այդ ընթացքում հարևան ծառուղում նկատել է Չաուշեսկուն։

Վավերագրող Ռոբերտ Հարդմանի խոսքով՝ թագուհին չի ցանկացել հանդիպել նրանց և պալատական այգում թաքնվել է թփերի մեջ, որպեսզի խուսափի իր հյուրերի հետ շփումից։

Դա հաստատել է նաև Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար լորդ Դևիդ Օուենը։ Նա ընդգծել է, որ թագուհուն սկանդալային հյուրի այցը դուր չի եկել։

«Թագուհին համակերպվում է տարբեր մարդկանց հետ, բայց ոչ Չաուշեսկուի։ Նա հասկացրել է, որ իրեն դուր չի եկել նրա այցը»,- նշել է Օուենը։