5 մթերք, որոնք բացասաբար են անդրադառնում մաշկի վրա և կարող են դառնալ բշտիկների առաջացման պատճառ

Մարդու սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի նրա առողջության համար, քանի որ օգնում է ստանալ անհրաժեշտ սննդարար նյութերն ու պայքարել առողջական շատ խնդիրների դեմ, սակայն միևնույն ժամանակ սննդակարգը կարող է նաև բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա` դառնալով այս կամ այն խանգարման պատճառ։

Սննդակարգը և որոշակի մթերքի գործածությունը հատկապես լուրջ ազդեցություն է ունենում մաշկի վրա` դրսևորելով տարատեսակ փոփոխություններով, այդ թվում մաշկի վիճակի վատթարացմամբ։ Նման տհաճ խնդրից խուսափելու համար բժիշկ-մաշկավեներոլոգ և կոսմետոլոգ Օլգա Լիսիցինան ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնք կարող են դառնալ բշտիկների ու մաշկի բորբոքումների պատճառ։

Շաքար

Մասնագետի խոսքով՝ սննդակարգում մեծ քանակությամբ շաքարի գործածությունը շատ լուրջ վնաս է հասցնում մաշկին։ «Այս մթերքը փոխում է մաշկային ճարպի բաղադրությունը՝ նպաստելով հակաբակտերիալ, հակամիկոտիկ և պաշտպանական այլ հատկությունների կորստին։ Մաշկը դառնում է հեշտ խոցելի, խամրում է, չորանում ու ջրազրկվում», – նշում է Լիզիցինան՝ հավելելով, որ օրգանիզմը շաքարով հագեցնում են ոչ միայն քաղցր հրուշակեղենը, այլև շատ այլ պատրաստի սննդամթերքի տեսակներ, այդ թվում՝ սոուսները, մայոնեզը, կետչուպը, տարատեսակ պահածոները, կիսաֆաբրիկատներն ու անգամ պատրաստի աղցանները։ Մեծ քանակությամբ քաղցր մրգերի գործածությունն այս դեպքում ևս կարող է վտանգավոր լինել, քանի որ օրգանիզմը չի կարողանա յուրացնել մեծ քանակությամբ ֆրուկտոզան, ինչն էլ կհանգեցնի մաշկին բշտիկների առաջացման։

Սուրճ

Ցանի պատճառ կարող է դառնալ նաև սուրճը։ Բանն այն է, որ այս տարածված ըմպելիքն առաջացնում է անոթների սպազմներ, ինչի հետևանքով մաշկը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին։ Բացի այդ, կոֆեինը խթանում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի արտադրությունը, վատթարացնում է օգտակար վիտամինների ու հանքանյութերի կլանման գործընթացը և դանդաղեցնում է մաշկի առաձգակայությունը, թարմությունն ու պրկությունն ապահովող սպիտակուցի՝ կոլագենի սինթեզը։ Այս ամենը բացասաբար է անդրադառնում մաշկի վրա՝ դարձնելով այն ավելի զգայուն բորբոքումների նկատմամբ և հանգեցնելով բշտիկների առաջացման։

Կաթ

Այս մթերքը հաճախ պարունակում է աճի հորմոններ, ինչպես նաև պրոգեստերոն ու տեստոստերոն հորմոններ, ինչի հետևանքով դրա գործածությունը բացասաբար է անդրադառնում մաշկի վիճակի վրա։ Բացի այդ, կաթը պարունակում է նաև կաթնաշաքար՝ լակտոզա, որը նպաստում է օրգանիզմում ինսուլինի մակարդակի բարձրացմանը։ Մասնագետի խոսքով՝ մաշկի համար վատագույն համադրությունը կաթի, սուրճի ու շաքարի համադրությունն է։

«Նման «հարվածից» հետո ենթաստամոքսային գեղձի վերականգնման համար շատ ժամանակ կպահանջվի, ինչն անպայման կանդրադառնա մաշկի վիճակի վրա», – ընդգծում է Լիսիցինան

Աղ

Թթու վարունգն ու լոլիկը, նրբերշիկները, կիսաֆաբրիկատներն ու կետչուպը պարունակում են հսկայական քանակությամբ աղ և կարող են դառնալ դեմքի այտուցվածության պատճառ, նախազգուշացնում է կոսմետոլոգը։ Էլ ավելի վտանգավոր են արագ սնունդը, չիպսերն ու չորահացերը, որոնք պարունակում են ոչ միայն մեծ քանակությամբ աղ, այլև նատրիումի գլուտամատ, տրանսճարպեր, ներկանյութեր, պահածոյացնող նյութեր ու տարատեսակ սննդային հավելումներ։ Մասնագետի խոսքով՝ այս բոլոր վնասակար նյութերի համադրությունը հանգեցնում է մաշկային ճարպի կազմության փոփոխության, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում մաշկի վրա։

Գլյուտեն

Մաշկը կարող է շատ զգայուն լինել բուսական սպիտակուցների այս բաղադրիչի նկատմամբ,որը պարունակվում է ցորենի, աշորայի, գարու, սոյայի, բլղուրի և գարեձավարի մեջ։ Բացի այդ, շատ հաճախ արտադրողները գլյուտեն են ավելացնում նաև հացաբուլկեղենին, մակարոնեղենին և երշիկեղենին։

«Մեծ քանակությամբ գլյուտենի գործածությունը կարող է խանգարել աղեստամոքսային տրակտի աշխատանքն ու թուլացնել իմունային համակարգը, ինչը բացասաբար կանդրադառնա մաշկի վրա»,- բացատրում է մասնագետը։