Դիանա Տոնոյանը՝ Բեն Ավետիսյանի մատուցած անակնկալի, կարանտինի, իր երազանքի ու դիմահարդարման տենդենցների մասին

Դերասան Բեն Ավետիսյանի սիրելին՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը հունիսի հինգին նշել է իր ծննդյան տոնը։ Նա դարձել է 22 տարեկան։ Դիանայի համար օրը սկսվել է անակնկալներով ու ուրախ հույզերով։ Showbiz.am-ի հետ զրույցում Դիանան պատմել է սիրելիի ու նրանց ընկերների մատուցած անակնկալի, կարանտինի պատճառով ստեղծված դժվարությունների, իր երազանքի, ինչպես նաև դիմահարդարման այս ամառվա տենդենցների մասին։ Նա նաև մեզ է տրամադրել իր ծննդյան օրվա դեռ չհրապարակված լուսանկարներից մի քանիսը։

Խոսելով կարանտինի մասին, Դիանան նշեց․ «Այդ օրերն ինձ համար շատ սթրեսային էին, քանի որ միշտ շատ խիտ գրաֆիկով եմ աշխատել։ Պահպանել եմ կարանտինային կանոնները, տնից համարյա թե դուրս չեմ եկել, իսկ ազատ ժամանակ զբաղվել եմ նկարչությամբ, քանի որ մասնագիտությամբ նկարչուհի եմ»։

Կարանտինը շատ դժվար շրջան էր նաև սիրահարների համար, քանի որ մեծ խոչընդոտ էր հանդիսանում հանդիպումների դեպքում։ Դիանան և Բեն Ավետիսյանը նույնպես ստիպված էին դժվարությամբ հաղթահարել այդ ընթացքը և ստիպված էին ավելի քիչ տեսնել միմյանց․ «Ես էլ, Բենն էլ շատ հետևողական ենք եղել և փորձել ենք չխախտել կանոններն ու քիչ հանդիպել։ Միմյանց տեսնելիս էլ միշտ դիմակով ենք եղել»։

Դիանան իր ծննդյան օրվա հետ կապված մի փոքր այլ պլաններ ուներ, սակայն դրանք խափանվեցին վարակի տարածման պատճառով․ «Ցանկություն ունեի մեծ խնջույք կազմակերպել, սակայն չստացվեց։ Այդ պատճառով ընտանիքիս անդամների հետ տեղափոխվել էինք ամառանոց, իսկ Բենը և ընկերներս, իմանալով, որ բաց տարածության մեջ հանդիպելու հնարավորություն կա, ուղիղ ժամը 00:00-ին ինձ անակնկալ մատուցեցին։ Ես շատ շնորհակալ եմ նրանց, օրս տոն դարձնելու համար»։

Բենն ընկերների հետ կեսգիշերին անակնկալ կերպով այցելել էին Դիանային ու նրան հանկարծակիի բերել։ Նրանց թվում են եղել դերասանուհի Իրինա Այվազյանը, երգիչ Գևորգ Մկրտչյանը, երգչուհի Մաշ Իսրայելյանը, դերասաններ Կարեն Ասլանյանը, Աղաս Մանուկյանը և շատ ուրիշներ։ Դիանան շատ տպավորված է իր ու սիրելիի ընկերների քայլից ու այդ օրվա ստացած նվերներից առանձնացրեց հենց դա․ «Ընկերներիս այցը ամենամեծ անակնկալն էր ինձ համար»։

Դիանան իր ծննդյան տորթի մոմերը փչելիս երազանք է պահել ու կիսվել մեզ հետ դրանով․ «Ներկա պահին երազանքս այն է, որ առաջվա նման առանց վախենալու հանդիպենք մեր հարազատների ու սիրելիների հետ»։

Զրուցել ենք նաև դիմահարդարման այս տարվա տենդենցների մասին։ Դիանան փաաստում է, որ համավարակն իսկապես ազդել է դիմահարդարման տենդենցների վրա։ Այն որոշ փոփոխություններ է կատարել մինչ այս ընդունված դիմահարդարման մեջ․ «Այս ընթացքում կանայք ու աղջիկներն անցան no make up-ին, քանի որ հիմնականում բոլորը տանն էին»։

Վարակի տարածման ու կարանտինի ընթացքում շատ բան փոխվեց ու դա անդրադարձավ նաև մարդկանց արտաքին տեսքի վրա, քանի որ դիմակի տակից դեմքը չի երևում, շատերը սկսեցին ընդհանրապես դիմահարդարում չանել ու չեն օգտագործում դեկորատիվ կոսմետիկա, քանի որ այն չի երևալու։ Հարցին, թե ինչպես հոգ տանել մաշկի մասին, որը գրեթե պաշտպանված չէ շրջակա աշխարհի վտանգավոր ազդեցություններից, Դիանան պատասխանեց․ «Իրականում քանի որ դեմքը չի երևում, շատերը սկսեցին չշպարվել ու ավելի շատ ուշադրություն դարձնել մաշկին ու խնամել այն։ Բայց դա չպետք է անդրադառնա կանաց գեղեցիկ լինելու վրա։ Ես ինքս էլ դիմակ եմ կրում, բայց փորձում եմ կոկիկ տեսք ունենալ, այդ իսկ պատճառով ես հետևում եմ այժմյան ամենաակտուալ թրենդին, որը կոչվում է no makeup makeup, այսքինքն հնարավորինս աննկատ ու բնական դիմահարդարում, որը պարզապես ավելի խնամված տեսք է հաղորդում։ Այս ընթացքում շատ կարևոր է խնամել մաշկն ու մանավանդ օգտագործել արևապաշտպան քսուքներ, որպեսզի կարողանանք մեր մաշկը պաշտպանել արևի վտանգավոր ճառագայթներից»։

Դիանան նաև անդրադարձավ դիմահարդարման համար այս ամառ ակտուալ գույներին ու տեսակներին․ «Այս ամառ ակտուալ են նեոնային երանգները, աչքերի գրաֆիկական, գծային դիմահարդարումը, թեթև տոնային ծածկողականությունն ու փայլուն մաշկը»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան