«Ոչինչ չի փոխվելու մեկ օրում, բայց մենք չենք կարող սպասել ևս մեկ օր»․ Վիկտորյա Բեքհեմ

Երգչուհի, դիզայներ Վիկտորյա Բեքհեմն Ինստագրամում արված գրառմամբ իր աջակցությունն է հայտնել Black Lives Matter շարժմանը՝ հայտարարելով, որ աշխատում է իր սեփական նորաձևության տանը սևամորթների ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ։

«Նորաձևության արդյունաբերությունը մեծ դեր է խաղում Black Lives Matter-ի շարժման մեջ, և ես կարող եմ ավելի լավը լինել: Մենք բոլորս կարող ենք ավելի լավը դառնալ»,- գրել է Բեքհեմը։

Նրա խոսքով՝ մինչ ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունն ու դրան հաջորդած ցույցերը, իր ընկերությունը միշտ «ձգտել է ներառական լինել», սակայն հիմա անձամբ ծրագիր է մշակում՝ այդ գործընթացն ավելի ցայտուն դարձնելու համար։

«Որպես առաջին քայլ՝ մենք ստեղծել ենք ներքին աշխատանքային խումբ, որպեսզի դիտարկենք ամեն ինչ՝ մեր թիմերից մինչև մեր քաստինգները, մատակարարներն ու գործընկերները։ Այս խումբը կօգնի բիզնեսին պատասխանատվության ենթարկել և ապահովել, որ մեր կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններն արտացոլեն մեր քաղած դասերը»,-բացատրել է նա:

Նրա խոսքով՝ «մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է կրթության և փոփոխությունների համար մեր հարթակներն օգտագործելու համար»։

«Ոչինչ չի փոխվելու և չի որոշվելու մեկ օրում, բայց մենք ավելին անելու համար, ակնհայտորեն, չենք կարող սպասել ևս մեկ օր»,- հավելել է նա։