Մահացել է «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, The Pointer Sisters խմբի երգչուհի Բոնի Փոինթերը (տեսանյութեր, լուսանկարներ)

69 տարեկանում մահացել է ամերիկացի երգչուհի, The Pointer Sisters խմբի անդամ Բոնի Փոինթերը, հայտնում է USA Today թերթը՝ վկայակոչելով երգչուհու քրոջը՝ Անիտա Փոինթերին:

«Խոր վշտով պետք է The Pointer Sisters-ի երկրպագուներին տեղեկացնեմ, որ քույրս՝ Բոնին, մահացել է այսօր առավոտյան» – ասված է Անիտա Փոինթերի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երգչուհին մահացել է Լոս Անջելեսի իր տանը՝ սրտի կաթվածից։

«Գրեմմի» մրցանակի դափնեկիր երգչուհին իր կարիերան սկսել է 1969 թվականին, երբ նա և քույրը՝ Ջունը սկսեցին հանդես գալ որպես դուետ։ Ավելի ուշ նրանց միացան նաև մյուս երկու քույրերը՝ Անիտան և Ռութը։

Նրանց հայտնիություն է բերել իրենց առաջին հիթը՝ Yes We Can ստեղծագործությունը։

Խումբը Fairytale երգի համար արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ դառնալով այդ մրցանակին արժանացած կին անդամներից բաղկացած առաջին խումբը։ 1977 թվականին խմբից դուրս գալուց հետո Բոնի Փոինթերը թողարկել է ևս երեք ալբոմ։