«Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմը կցուցադրվի իսպանական հեռուստատեսությամբ

Իսպանական RTVE հեռուստաալիքի եթերում օրերս կկայանա «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի հեռուստապրեմիերան։
Այս մասին հայտնում է «Инфотека24» լրատվամիջոցը՝ վկայակոչելով ֆիլմի պրոդյուսեր, «HAYASA» մշակութային-կրթական կենտրոնի տնօրեն և հիմնադիր Տիգրան Մանասյանին։ Ֆիլմի ռեժիսորը՝ Վագա Վարդանյանը, ներկայացրել է աշխարհի հնագույն պետություններից մեկի՝ Ուրարտուի պատմությունը։
Աստվածաշնչում Ուրարտուն հիշատակվում է որպես Արարատի երկիր: Նոյի տապանը, ըստ Սուրբ գրքի, կանգ է առել հենց Ուրարտուի լեռներում՝ Արարատի վրա:

Նշենք, որ ֆիլմում հանդես են եկել այնպիսի հայտնի դերասաներ, ինչպիսիք են՝ Միքայել Պողոսյանը, Արտաշես Շահվերդյանը, Արման Նավասարդյանը, Արսեն Օհանջանյանը, Ռուբեն Մուրադյանը, Վահագն Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ ֆիլմը նկարահանվել է Հայաստանում՝ Արարատյան դաշտում և ուրարտական քաղաքների տարածքներում: Նկարահանումներին մասնակցել են նաև պատմաբաններ, հնագետներ, հին աշխարհի պատմության մասնագետներ:
Նրանց շարքում են եղել Աշոտ Մելքոնյանը՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից, Միխայիլ Պիոտրովսկին՝ Էրմիտաժից, Իրվինգ Ֆինկելը՝ Բրիտանական թանգարանից: