«Առաջին անգամ չէ, որ հարբած է նստել ղեկին»․ Ժիրինովսկին պահանջել է ՌԴ վաստակավոր արտիստ Եֆրեմովին դատապարտել 12 տարվա ազատազրկման

ՌԴ պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Մոսկվայում մահվան ելքով ավտովթարի մեղավոր ՌԴ վաստակավոր արտիստ, դերասան Միխայիլ Եֆրեմովը պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է սոցցանցերում, գրում է eadaily.com-ը։

Ժիրինովսկու կարծիքով՝ դերասանին պետք է կալանավորել, քանի որ տնային կալանքից նա կարող է փախչել «արտասահման կամ հարբել ու պատուհանից նետվել»:

«Հանցագործության համար նրա պատիժը պետք է խիստ լինի՝ 12 տարի ազատազրկում։ Եֆրեմովը միայն 2020 թվականին ճանապարհային երթևեկության կանոնների 10 խախտում է թույլ տվել, նա առաջին անգամ չէ, որ հարբած է նստել ղեկին։ Մենք առաջարկել ենք վարորդին զրկել մեքենայից և իրավունքներից՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Եթե մեզ լսեին, հիմա վարորդը ողջ կմնար»,-հայտնել է Ժիրինովսկին։

Եֆրեմովի դեմ քրեական գործ է հարուցվել, նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: Արտիստի համար մինչև օգոստոսի 9-ը տնային կալանք է սահմանվել։