Արքայազն Ֆիլիպն այսօր նշում է ծննդյան 99-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել թագավորական ընտանիքի անդամներից (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, այսօր նշում է ծննդյան 99-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել թագավորական ընտանիքի անդամներից, գրում է Daily Mail-ը։

Արքայազն Ֆիլիպի ծննդյան կապակցությամբ Բուքինգհեմյան պալատը հրապարակել է զույգի նոր լուսանկարը, որն արվել է հունիսի 1-ին՝ Վինձորի ամրոցի տարածքում։

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին՝ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը, իրենց Instagram-ի պաշտոնական օգտահաշվում տեղադրել են իրենց և արքայազնի լուսանկարները՝ գրելով․ «Էդինբուրգի դուքսին մաղթում ենք երջանիկ 99-ամյակ»։

Արքայազն Չարլզը նույնպես Ինստագրամում իր բարեմաղթանքներն է հղել հորը՝ տեղադրելով 1957 թվականին Ուայթ կղզում իր հոր հետ մոտորանավակի վրա արված լուսանկարը։

Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո թագավորական զույգն ինքնամեկուսացել է Վինձորի իրենց նստավայրում և, ինչպես հայտնում է թագավորական փորձագետը, միասին ավելի շատ ժամանակ է անցկացրել, քան իրենց կյանքի ամբողջ ընթացքում: