«Շատ-շատ էի սպասում այս օրվան»․ երգչուհի Մերի Քոչարյանի ծննդյան անակնկալներն ու օրվա հետաքրքիր պլանները

Երգչուհի Մերի Քոչարյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը․ Մերին դարձավ 17 տարեկան։ Առիթը բաց չթողնելով՝ ShowBiz.am-ը զրուցել է հոբելյարի հետ և պարզել՝ ինչ պլաններ ունի Մերին օրվա հետ կապված, ինչպես նաև խոսել ծննդյան անակնկալներից, երազանքներից և ոչ միայն։

«Իրականում շատ անսպասելի էր ինձ համար, որովհետև այս պայմաններում ծննդյանդ օրը մեծ շուքով նշել չես կարող, բայց կեսգիշերին եկան իմ ընկերներն ու հարազատները ու շատ լավ անակնկալ ինձ արեցին։ Որովհետև իսկապես չէի սպասում, այն էլ այս օրերին, բայց շնորհակալ եմ իրենց, որ միշտ իմ կողքին են ու ինձ երջանկացնում ու օրս տոն են դարձնում»,- պատմում է Մերին։

Երգչուհին հատուկ ինչ-որ բան չի կազմակերպել այս օրվա համար, որոշել է մի քանի ընկերների հետ օրն ամառանոցում անցկացնել․«Բայց վստահ եմ՝ նրանք չեն թողնի ինձ թեկուզ մեկ րոպե տխրել ու օրս անմոռանալի կդարձնեն»։

Քանի որ կարանտինն ու այս վիրուսն արդեն վաղուց կային, ծննդյան օրն այլ կերպ անցկացնելու տարբերակներ Մերին ու իր ընտանիքը այլևս չենքննարկել․ «Բայց եթե չլիներ այս իրավիճակը, վստահ եմ՝ ավելի մեծ շրջանակներով կնշեինք այս օրը։ Սակայն պետք է խոստովանեմ, որ ամառանոցում նշելու գաղափարն ինձ համար շատ ավելի ոգևորիչ է թվում, քանի որ ամեն տարի ծննդյան օրն ինչ-որ ռեստորանում կամ սրճարանում նշելուց արդեն հասցրել էի հոգնել։ Այնպես որ՝ ամառանոցում ավելի ազատ պայմաններում օրս անցկացնելն, իրոք, հետաքրքիր է թվում, մանավանդ որ քեզ սիրելի մարդիկ և ընկերներդ կողքիդ են լինելու»։

Ծննդյան օրն ու երազանքներն իրար հետ փոխկապակցված են, տորթի մոմերը փչելիս մենք միշտ էլ պահում ենք մեր սրտի ամենանվիրական երազանքն ու ցանկությունը։ «Երազանքներ, բնականաբար, շատ ունեմ, բայց ես միշտ փորձում եմ լռել դրանց մասին, որովհետև իրենք այն գաղտնի կետն են, որը պահում ես քո ներսում ու որի մասին ոչ-ոք չպետք է իմանա։ Այլ բան են նպատակները, որոնց ամեն կերպ փորձում ես հասնել, իսկ երազանքներն ինձ համար աներևակայելի ու անհասանելի բաներ են»,- կիսվում է Մերի Քոչարյանը։

Այս օրվան երգչուհին շատ էսպասել։ «Այս պայմանները հաշվի առնելով՝ փորձում էի գուշակել, թե օրս ոնց է անցնելու։ Ես ընդհանրապես շատ եմ սիրում իմ ծննդյան օրը, որովհետև այդ օրը ես բոլորի ուշադրության կենտրոնում եմ, ու այն մարդիկ, ում սիրում եմ, կողքիս են լինում։ Շատ-շատ էի սպասում այս օրվան, գիտեմ, որ դեռ էլի եմ անակնկալներ ունենալու, այնպես որ անհամբերությամբ սպասում եմ օրվա հետաքրքիր ընթացքին»,- ոգևորությամբ պատմում է Մերին։

Մերիի համար իր բոլոր ծննդյան օրերն էլ առանձնահատուկ ու հիշարժան են եղել, բայց երգչուհին կարողացավ առանձնացնել այն մեկը, որն ավելի է սիրել ու տպավորվել իր մեջ։ «Անցյալ տարվա ծնունդս առանձնահատուկ էր, քանի որ հասցրել էի նոր ընկերներ ձեռք բերել (տեղափոխվել էի նոր դպրոց), որոնց  հետ էլ անցկացրի օրս։ Նրանց հետ դա իմ առաջին ծնունդն էր ու օրս շատ, շատ, շատ հետաքրքիր էր անցել։ Ու հիմա արդեն շատ ավելի ամրապնդված ընկերությամբ նշելու ենք այս տարի ու հույս ունեմ, որ սա ևս ոչ պակաս անմոռանալի ու գեղեցիկ օր կլինի»,- կիսվում է Մերի Քոչարյանը։

Իսկ իր համար առանձնահատուկ և կարևոր նվերի մասին Մերին այդպես էլ չհիշեց, դա ևս իր պատճառն ունի․ «Ովքեր ինձ ճանաչում են, կասեն, որ ես առարկայական նվերներին այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում, թեկուզ այն ժպիտներն ու ջերմ խոսքերը, որոնք ես ստանում եմ այդ օրը, ինձ բավարար են երջանիկ ու ինքնաբավարարված զգալու համար։ Իմ հարազատների ներկայությունն արդեն իսկ նվեր է ինձ համար, այն գիտակցումը, որ նրանք իմ կողքին են ու որ ես ցանկացած պահի, ցանկացած հարցով կարող եմ նրանց դիմել, արդեն իսկ մեծ նվեր է ինձ համար»։

Ստեղծագործական նորությունների մասին խոսելիս Մերին նշեց․ «Հաշվի առնելով երկրում առկա բազմաթիվ կորոնավիրուսային դեպքերը՝ խուսափում ենք այս պայմաններում նկարահանումներ իրականացնել կամ նոր երգեր ձայնագրել, իհարկե, այս ամենի ավարտից հետո նորություններ հաստատ կլինեն»։

Իսկ ամռան և հանգստի հետ կապված երիտասարդ երգչուհին առանձնացրեց, որ շատ ավելի գնահատում է իր երկրում անցկացրած ժամանակը, քան երբ ինչ-որ տեղ է մեկնում․ «Այս վիրուսն այնքան շուտ եկավ, որ անգամ չէինք հասցրել հասկանալ, թե որտեղ ենք ուզում հանգստանալ այս տարի, բայց, հաշվի առնելով այս վիճակը, կարող եմ ասել, որ հաստատ այս տարի ինչ-որ տեղ այլևս չենք գնա։ Իրականում ես շատ եմ սիրում իմ երկիրը, ու երբ դուրս ենք գալիս հանգստանալու, միանգամից ցանկություն է առաջանում արագ հետ վերադառնալու։ Այնպես որ՝ ինձ համար այնքան էլ ցավալի չէր այն փաստը, որ այս տարի ինչ-որ տեղ չենք գնալու»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան