Սուպերմոդել Ջիջի Հադիդն իր զգեստների անձնական հավաքածուից որոշ իրեր է աճուրդի հանել. ի՞նչն է պատճառը

Հայտնի սուպերմոդել Ջիջի Հադիդն իր զգեստների անձնական հավաքածուից որոշ իրեր է աճուրդի հանել, որոնց հասույթը կտրամադրի բարեգործությանը, գրում է Daily Motion-ը։

24-ամյա մոդելը, որը սպասում է իր առաջնեկին, միավորվել է բրիտանական Vogue-ի հետ՝ մասնակցելով NHS Charities Together և NAACP բարեգործական կազմակերպությունների համար գումար հավաքելու նպատակով հրատարակության կազմակերպած The Way We Wore աճուրդին։

Մոդելն աճուրդի կհանի Fenty նորաձևության տան վերնազգեստ և կիսաշրջազգեստ և Dior ապրանքանիշի խուրջին: Նա հույս է հայտնել, որ աճուրդից ստացված գումարը «կօգնի նրանց, ովքեր ներկայիս առողջապահական ճգնաժամի պատճառով դժվարին կացության մեջ են հայտնվել»:

«Հույս ունեմ, որ այս իրերի գնորդները մեծ հաճույքով կկրեն դրանք՝ գիտակցելով, որ այդպիսով իրենց ներդրումն են ունեցել COVID-19-ի պատճառով դժվարին կացության մեջ հայտնված մարդկանց օգնություն ցուցաբերելու հարցում։ Ես և Զեյնը (Զեյն Մալիկ) մեր սերն ու լավագույն բարեմաղթանքներն ենք հղում ձեզ»,- հայտնել է մոդելը։