Քրիստինե Պեպելյանը՝ «Սեր իմ» երգի տեսահոլովակի նկարահանումների, սպասվելիք նորությունների ու կարանտինի մասին

Սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանի ու Սարգիս Եղիազարյանի համագործակցությունը շատերի համար հաճելի անակնկալ եղավ, երբ օրեր առաջ Յութուբում հայտնվեց նոր երգից մի հատված։ «Սեր իմ» կոչվող երգի ու դրա տեսահոլովակի ստեղծման վրա աշխատել են բոլորիս հայտնի պրոֆեսիոնալներ․ տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է, խոսքերը գրել են Ռազմիկ Ամյանն ու Անահիտ Մխիթարյանը, երաժշտության հեղինակն ու գործիքավորողը Գուրո Գասպարյանն է, ոճաբանն էլ՝ Արամ Նիկոլյանը: Showbiz.am-ի հետ զրույցում Քրիստինե Պեպելյանը պատմել է տեսահոլովակի նկարահանումների ընթացքի, իր կարանտինային առօրյայի ու սպասվող նորությունների մասին։
Երգչուհու համար այս համագործակցության առաջարկը հաճելի ու հետաքրքիր է եղել ու նա համաձայնել է․ «Իմ ու Սարգիս Եղիազարյանի հետ համագործակցությունը եղավ Սարգսի առաջարկով, որը ես չմերժեցի։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր համագործակցություն է ստացվել»։

Հարցին, թե ռիսկային չէր արդյո՞ք այս ընթացքում տեսահոլոակ նկարահանելը, նա նշում է․ «Հիմնականում նկարահանումները արվել են առանձին կտորներով, ու ընդամենը մի քանի դրվագ է, որ ես ու Սարգիսը նույն կադրում ենք, բայց նույնիսկ այդ ամենն է արվել հետևելով անվտանգության բոլոր կանոններին։ Ամեն ինչ շատ լավ է ընթացել, անվտանգության տեսանկյունից ոչ մի ռիսկի չենք դիմել և ոչ մի կանոն չենք խախտել»։

Երգչուհին պատմում է, որ նկարահանումները բավականին բարդ էին, ոչ թե անվտանգության կանոնները չխախտելու, այլ խիտ գրաֆիկի պատճառով․ «Ես նկարահանումների ընթացքում արդեն քնում էի, այնքան հոգնած էի։ Բայց ժամանակ առ ժամանակ շոկոլադ կամ ինչ-որ քաղցրավենիք ուտելով՝ փորձում էի էներգիաս վերականգնել ու հավաքվել, որպեսզի կարողանամ աշխատել, որովհետև իրականում շատ ծանր էր բաշխված մեր նկարահանումների գրաֆիկը, ու այդ ողջ օրվա ընթացքում ես ընդամենը մեկ ժամ եմ հնարավորություն ունեցել քնելու։ Առավոտյան ժամը հինգից ոտքի վրա էի, ժամը վեցին մեր նկարահանումները սկսվեցին ու տևեցին մինչև ուշ գիշեր, գրեթե 24 ժամ աշխատել ենք։ Զավեշտալի ու անսպասելի դեպքեր չեն եղել, ամեն ինչ անցել է հանգիստ ու ըստ մեր պլանավորած գրաֆիկի, որովհետև մեր ռեժիսորը՝ Սյոմա Կոդաբաշյանը, հնարավորինս այդ կազմակերպվածությունը մեզ համար ապահովել էր»։

Հարցին, թե ինչ նորությունների կարող ենք սպասել առաջիկայում, Քրիստինե Պեպելյանը պատասխանում է․ «Ունենք այս ընթացքում ձայնագրված ևս երկու երգ, որոնք սպասում են իրենց նկարահանման հերթին, մեկը կնկարահանենք ու կներկայացնենք այս ամռան ընթացքում, իսկ մյուսն արդեն սեպտեմբերին։ Ունեմ նոր երգ՝ երեխաների մասին, որը ես Արեգին եմ նվիրում, իսկ մյուս ծնողներն էլ իրենց բալիկների համար կերգեն այդ երգը ու կնվիրեն նրանց։ Ստեղծագործական դադար չի լինի։ Կարանտինն ինձ համար այնքան էլ բարդ չի եղել, որովհետև ամբողջ ընթացքում աշխատանքի մեջ եմ եղել ու օնլայն դասավանդել եմ Կոնսերվատորիայի ուսանողներիս համար։ Դրա համար չեմ կարող ասել, որ ձանձրացել եմ այս ընթացքում, ես չեմ բողոքում, ունենք այն, ինչ ունենք։ Իմ կյանքում մի կարգախոս կա․ «Եթե չես կարողանում փոխել իրավիճակը, ապա պետք է փոխես վերաբերմունքդ այդ իրավիճակի հանդեպ»»։

Երգչուհին շեշտում է, որ իր համար սահմանափակումներն այդքան էլ անտանելի չեն․ «Անկեղծ ասած, ես այնքան էլ չեմ ընկճվում հաճախ դուրս ու ներս չանելուց։ Այնպես չէ, որ այդ արգելափակումներն ինձ համար սթրեսային են եղել, որովհետև դրսում շատ լինելու սիրահար չեմ, եթե հստակ որոշած ծրագրեր չունեմ, ապա ավելորդ պատրվակներ չեմ փնտրում տնից դուրս գալու համար։ Ընդամենը ուզում եմ լսել, որ ամեն ինչ կարգին է՝ մեր բոլորի խղճի հանգստության, անվտանգության ու բնականոն կյանքի վերդառնալու համար։ Միգուցե ինձ համար ավելի թեթև էր այս իրավիճակը, բայց շատ մարդիկ այս իրավիճակի պատճառով շատ ծանր շրջան ունեցան և՛ ֆինանսական առումով, աշխատանքները կորցնելու պատճառով, և՛ հոգեբանական առումով»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան