Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտը հետմահու հեղինակավոր «Էմմի» մրցանակին է արժանացել

Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբի նախկին բասկետբոլիստ Քոբի Բրայանտը հետմահու հեղինակավոր «Էմմի» մրցանակին է արժանացել, հայտնում է usatoday.com կայքը։

Նշվում է, որ Բրայանտը հեռուստատեսության բնագավառում մրցանակին արժանացել է Լոս Անջելեսի զարգացման գործում ունեցած ներդրման համար, այն պաշտոնապես բասկետբոլիստի ներկայացուցիչներին կշնորհվի «Էմմի»-ի 72-րդ մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա հուլիսի 18-ին:

«Հեռուստատեսային ակադեմիան ուրախությամբ հայտնում է, որ բասկետբոլի լեգենդ և բարերար Քոբի Բրայանտն «Էմմի» մրցանակին է արժանացել»,- ասվում է Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Կալիֆոռնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 9 զոհերի թվում է եղել նաև բասկետբոլիստ Քոբի Բրայանտը և նրա 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն:

Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին: