«Խորոված ենք անում՝ պահելով սոցիալական հեռավորությունը»․ ինչպե՞ս է անցնում հայ հայտնիների կարանտինային առօրյան

Այս օրերին, երբ Հայաստանում բոլորը մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ և քայլեր են ձեռնարկում հնարավորինս արագ հաղթահարելու ստեղծված իրավիճակը, սոցիալական ցանցերում գերակտիվ վիճակ է: Հայկական շոու-բիզնեսի մի մասը խորհրդավոր լռում է, մի մասը թեմային համահունչ լինելու համար բժշկական դիմակներով նկարներ հրապարակում, ոմանք էլ քաջալերող խոսքեր են գրում ու փորձում մի փոքր դրական գույն ավելացնել։ Showbiz.am կայքի հետ զրույցում հայ հայտնիները պատմեցին կարանտինային դժվարությունների և իրենց հետաձգված ծրագրերի մասին։

Արման Հովհաննիսյան

Դերասան Արման Հովհաննիսյանը նշում է, որ կարանտինը բավականին խանգարեց իր ծրագրերին ու ստեղծագործական գործունեությանը։
«Ստեղծված իրավիճակի պատճառով այն նախագծերը, որոնցում պիտի զբաղված լինեի, չեղարկվեցին։ Դա է պատճառը, որ էկրանին հաճախ չեմ երևում, հուսամ՝ ամեն ինչ շուտ կավարտվի: Ինչ վերաբերում է դերասանական կարիերային՝ Թատերական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո աշխատեցի Հանրային հեռուստաընկերության մի քանի նախագծերում, իսկ հիմա զբաղված եմ թատրոնում»,-ասում է նա։

Արմանը նաև անդրադառնում է իր ոլորտում առկա խնդիրներին՝ փորձելով բարձրաձայնել իրեն մտահոգող հարցերը։
«Խնդիրները պարզ է՝ շատ են, բայց երկրի թե՛ տնտեսական, թե՛ մտածողության պատկերը, ցավոք, նպաստում է սերիալների որակի ցածր լինելուն: Վերջերս Առաջին ալիքը ճիշտ քաղաքականություն է որդեգրել՝ անդրադառնալով դասականներին, որոնք և՛ ուսուցողական են, և՛ համեմատաբար որակով: Իմ կարծիքով՝ գոնե փոքր-ինչ որակ ապահովելու համար պիտի տեղ տալ, ստեղծագործելու հարթակ տրամադրել նոր սերնդին, ովքեր որ անհամեմատելի լավ են մտածում, քան ներկայիս «ռեժիսորների» մեծ մասը: Լավ դերասանի առաջին հատկանիշը իր մասնագիտությանը չափազանց պրոֆեսիոնալ մոտենալն է, իր գործին նվիրված լինելը»,-ասում է դերասանը։

Արմանը խոստանում է, որ կարանտինի ավարտից հետո կուրախացնի երկրպագուներին մի շարք անակնկալներով։
«Նորությունները սարերի հետևում չեն։ Իրագործելու եմ իմ առջև դրած ծրագրերը»,- խոստանում է արտիստը։

Լևս Դավթյան

Դերասան Լևս Դավթյանը կարանտինի ընթացքում հիմնականում արտասահմանյան սերիալներ է դիտում, սակայն այլ հետաքրքիր զբաղմունքներ էլ ունի։
«Բակի ընկերների, հարևանների հետ մեկուսացած՝ խորոված ենք անում՝ պահելով սոցիալական հեռավորությունը»,- ժպիտով հիշում է Լևսը։
Դերասանը նաև պատմում է, որ երկու նոր ներկայացում ուներ, հյուրախաղեր, որոնք հետաձգվեցին կարանտինի պատճառով։
«Թատրոնի ներկայացումները նոր թափ էին հավաքել, հունի մեջ ընկել, այն էլ դադարեցրինք»,- ցավով նշում է Դավթյանը։
Դերասանը ասում է, որ կարանտինային ռեժիմի թերությունները բազմազան են, սակայն կա մեկ կարևոր առավելություն, որը փակում է բոլոր բացերը․ «Վերջապես, ժամանակ գտանք մեր ծնողների կողքին մնալու համար»։

Էդգար Կարապետյանը

«Միստր Արմենիա 2018» Էդգար Կարապետյանը, ով ընդամենը ամիսներ առաջ է վերադարձել Mister Glam Internatiinal 2019-միջազգային մրցույթից մի քանի տիտղոսներով և ամենակարևորը՝ թագով, կարանտինային ռեժիմի պատճառով ստիված հետաձգել է իր բոլոր ծրագրերը։
Մոդելը պետք է մասնակցեր Հնդկաստանում կայանալիք Grand Fashion week-ին և Հայաստանում կայանալիք մի շարք ցուցադրությունների։
Կարանտինի ընթացքում Էդգարը ձանձրանում է ու փորձում է ամեն կերպ հետաքրքիր դարձնել իր առօրյան։ Մոդելը մինչ կարանտինային ռեժիմն ապրում էր միայնակ, սակայն ինքնամեկուսացումը հետաքրքիր անցկացնելու նպատակով նա տեղափոխվել է ընտանիքի անդամների մոտ։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան