Ռոնալդուն մեկ տարում Ինստագրամի միջոցով 50,3 միլիոն դոլար է վաստակել

Իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ինսթագրամյան էջն աշխարհում ամենահայտնիներից է․ մարզիկն այս օգտահաշվի միջոցով շատ ավելի մեծ գումար է վաստակում, քան սպորտի, գրում է foxsports.com կայքը։

Հայտնի է, որ նա 223 միլիոն հետևորդ ունի։

Ռոնալդուն մեկ տարում իր էջում 43 գովազդային հրապարակում է արել և դրանցից յուրաքանչյուրի համար գրեթե 1,17 միլիոն դոլար ստացել, ինչը նշանակում է, որ գովազդներից ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 50,3 միլիոն դոլար։

Այս ցուցանիշը շատ ավելին է «Յուվենտուս»-ից ստացած եկամտից, որը կազմում է տարեկան 33 միլիոն դոլար։ Հայտնի է, որ «Բարսելոնա» թիմի հարձակվող Լիոնել Մեսին, իր հերթին, սոցցանցի միջոցով 30,4 միլիոն դոլար է վաստակել ընդհանուր 40 գովազդային հրապարակման համար։

Ինստագրամից ստացած եկամտով մարզիկներին հաջորդում են Քենդալ և Քայլի Ջեներ քույրերը, որոնք վաստակել են համապատասխանաբար 25,6 միլիոն և 19,6 միլիոն դոլար։

Ամենաբարձր վարձատրվողների հնգյակը եզրափակում է կրիկետի աստղ, հնդկական հավաքականի ավագ Վիրաթ Կոհլին, որը 15,7 միլիոն դոլար է վաստակել։

Նշվում է, որ այս ցուցակի տասնյակում են հայտնվել նաև ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը՝ 11,6 միլիոն դոլարով և Նեյմարը՝ 8,1 միլիոն դոլարով։